ԵՄ հետագա ամրապնդումը բխում է նաեւ Հայաստանի նման փոքր պետությունների շահերից: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, «Եվրոպայի օրվա» կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն այցելության ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ԵՄ պատվիրակության ամբողջ անձնակազմին եւ ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

«Բոլորովին վերջերս Եվրոպական երկրների առաջնորդները մեծ հանդիսավորությամբ նշեցին Հռոմի համաձայնագրերի 60-րդ տարեդարձը: Համաձայնագրեր, որոնց դրույթներն իրականացնելով, եվրոպական պետությունները եւ, առաջին հերթին, Եվրոպայի ժողովուրդները հասան մեծ հաջողությունների մարդու իրավունքների պաշտպանության, արժանապատվության, ժողովրդավարության եւ միասնական գաղափարների տարածման ու իրագործման պատվաբեր աշխատանքում:

Եվրամիության հետագա ամրապնդումը բխում է նաեւ Հայաստանի նման փոքր պետությունների շահերից: Մենք վստահ ենք, որ այն մարտահրավերները, որ վերջին ժամանակաշրջանում բաժին են հասնում Եվրամիությանը, եվրոպական պետություններին՝ անպայման կհաղթահարվեն:

Ես շատ ուրախ եմ, որ վերջին ժամանակահատվածում մենք արձանագրել ենք մեծ հաջողություններ Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացման գործում եւ ցանկանում ենք, որ այդ հաջողությունները լինեն շարունակական:

Մենք շնորհակալ ենք Եվրամիությանը, անձամբ պատվիրակությանը եւ Ձեզ՝ դեսպա՛ն Սվիտալսկի, նման համագործակցության եւ Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դեսպան Սվիտալսկին իր եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ այցելության եւ շնորհավորական ջերմ խոսքերի համար:

«Ձեր այցը շատ կարեւոր, խորհրդանշական իմաստ ունի Եվրոպական միության ամբողջ պատվիրակության համար, քանի որ այն մեզ քաջալերում է է՛լ ավելի հիմնավոր աշխատանք կատարել մեր համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Այս տարին լի է իրադարձություններով. մենք արդեն ունենք նախաստորագրված համաձայնագիր, համաձայնեցված համագործակցության առաջնահերթություններ եւ նաեւ արձանագրել ենք միասնական աջակցության շրջանակի մասին համաձայնություն:

Պարո՛ն նախագահ, Ձեր այցը Բրյուսել հաջողված էր, եւ այն լրացուցիչ փաստարկներ տվեց Եվրոպական միությանը, որ պետք է ավելի շատ եւ ավելի մեծ նվիրվածությամբ ներգրավված լինի Հայաստանում: Մենք շատ կարեւոր ազդանշաններ ստացանք եւ՛ Հայաստանի ղեկավարությունից, եւ՛ Եվրոպական միությունից, ինչը շատ կարեւոր էր մեզ համար, որպեսզի կարողանանք շարունակել ավելի մեծ եռանդով կատարել մեր աշխատանքը:

Պարո՛ն Նախագահ, մենք շնորհակալ ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության գործունեությանը Ձեր կողմից մշտապես ցուցաբերվող աջակցության համար»,-ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Հայաստանը եւ Եվրամիությունը բաց եւ պատրաստակամ են շարունակելու զարգացնել համագործակցությունը եւ վստահություն են հայտնել, որ նոր համաձայնագրի դրույթները կյանքի կոչելով՝ կհաջողվի զգալի կերպով ընդլայնել ՀՀ-ԵՄ փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով՝ բարձրաց¬նելով այն որակական նոր մակարդակի: