Հայ ժողովուրդը կարեւոր ավանդ է ներդրել ֆաշիզմի դեմ պատերազմի հաղթանակի գործում։ Այս մասին հայտնել է ռուս- հայկական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ- մայոր Անդրանիկ Մակարյանը մայիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Որպես հայ ու զինվորական, ես բարձր եմ գնահատում հայ ժողովրդի ավանդը ամենակարեւոր հաղթանակներից մեկում՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում։ Դա մեր հետագա հաղթանակների հիմքն է եղել»,- շեշտել է գեներալ Մակարյանը։
Նա հիշեցրել է, որ փոքր թվաքանակով հայ ժողովուրդը , որը պատերազմից մի քանի տասնամյակ առաջ փրկվել էր ամբողջական ոչնչացումից, արդյունավետ մասնակցություն է ունեցել պատերազմին ու ամբողջ աշխարհին ցույց տվել հայ մարտիկի որակը։ Հիշեցնենք, որ Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում մարտնչել է ավելի քան 600 հազար հայ, մոտ կեսը՝ Խորհրդային Հայաստանից ։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է ավելի քան 60 հայազգի գեներալ։




























