Սլովակիայում բնակվող Դեւիդ եւ Ադամ Նագի եղբայրներն աշխարհի առաջին անգույն սուրճն են ստեղծել: Ըմպելիքը կոչվում է CLR CFF:
Արտասովոր գաղափարը եղբայրների մոտ ծագել է այն բանից հետո, երբ նրանք երկար ժամանակ պայքարել են սուրճի հետեւանքով ատամներին մնացող հետքերի դեմ: Եղբայրները որոշել են, որ պետք է կոֆեինով առույգացնող ըմպելիք մշակեն, որն էներգիա կհաղորդի, բայց չի ազդի ատամների էմալի գույնի վրա: Արտաքինից CLR CFF սուրճը նման է խմելու ջրով լի շշի, արտադրողի կայքում, սակայն, նշվում է, որ ըմպելիքը պատրաստված է «Արաբիկա տեսակի բարձրորակ սուրճի հատիկներից՝ նախկինում երբեք չօգտագործված մեթոդով»:
Ըստ Kedem-ի՝ Դեւիդն ու Ադամը երեք ամիս շարունակ փորձեր են անցկացրել՝ ըմպելիքի կատարյալ բանաձեւը գտնելու համար: Նրանք պնդում են, որ CLR CFF սուրճը թարմ համ ունի, իսկ դրա բաղադրության մեջ կոնսերվանտներ եւ քաղցրացուցիչներ չկան, նաեւ կաթ կամ շաքար ավելացնելու կարիք չկա:
200 մլ ծավալով ըմպելիքում 100 մգ կոֆեին կա: Երկու շիշ CLR CFF սուրճը 7.6 դոլար արժե:




























