Եվրոպոլի ղեկավար Ռոբ Ուեյնրայթը հայտնել է, որ ահաբեկիչները կարող են սեւ շուկայում 750 ֆունտով ձեռք բերել գողացված բրիտանական անձնագրեր, հայտնում է Daily Mail-ը:

Նրա խոսքով՝ համացանցի, այսպես կոչված, սեւ հատվածում, որտեղ հանցագործներն օգտագործում են հատուկ ծրագրային ապահովում, որպեսզի անանուն մնան, կարելի է ձեռք բերել նոր անձնագրեր, զենք եւ այլ շատ բաներ:

«Գոյություն ունի հանցավոր առեւտրի հարթակ, որն էական խնդիր է: Հանցագործները եւ ահաբեկիչները կարող են իրենց գործունեության համար իրեր ձեռք բերել անվտանգ եղանակով»,- հայտարարել է Ուեյնրայթը:

Նա նշել է, որ անվտանգության ծառայությունների համար դժվար է քրեական ակտիվությունը կանխել համացանցի «սեւ» հատվածում: