Շոտլանդական Աբերդինում ոստիկանությունը որոնում է կորած պիթոնին, որին որպես տնային կենդանի էին պահում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մոտ 140 սմ երկարությամբ թագավորական պիթոնը կորել է Քրաուն սթրիթի շրջանում: Ոստիկանությունից ասել են, որ օձը թունավոր չէ, եւ մարդկանց սպառնալիք չի ներկայացնում:
Իշխանությունները խնդրանքով դիմել են քաղաքի բնակիչներին՝ կորած սողունի մասին տեղեկություն ունենալու դեպքում այդ մասին հայտնել:
Թագավորական կամ գնդաձեւ պիթոնը (լատիներեն՝ Python regius) պիթոնների ընտանիքի ոչ թունավոր օձ է, որը տարածված է Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայում: Սա ամենափոքր պիթոններից է, որի երկարությունը կարող է հասնել 1,5 մետրի:
Թագավորական պիթոնը բնակվում է հասարակածային անտառներում եւ սավաննաներում: Սա գիշերային կենդանի է: Նա որսում է մանր կաթնասուններին՝ առնետների, մկների եւ սրընչակների: Երբեմն թռչունների է ուտում:
Վտանգի դեպքում նա գնդաձեւ փաթաթվում է՝ գլուխը թաքցնելով մարմնի օղակի մեջ: Այս առանձնահատկության պատճառով թագավորական պիթոնին անվանում են «գունդ պիթոն» կամ «գնդակ պիթոն»:
Թագավորական պիթոնը անազատության մեջ պահվող ամենատարածված օձերից է: Այն մեծ թվով կենդանաբանական այգիներում է պահվում, ամբողջ աշխարում կենդանիների սիրահարների մոտ մեծ թվով պիթոններ կան: Սա պայմանավորված է թագավորական պիթոնների ոչ մեծ չափերով եւ հանգիստ բնավորությամբ:




























