Հայաստանը կողմ է շփման գծում մոնիթորինգի եւ վերահսկողության մեխանիզմների ներդրմանը։ Այս մասին «Ինտերֆաքս» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Հրադադարի ռեժիմի նոր խախտումը միջազգային իրավունքների խախտում է, որն ընդունել են կողմերը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը։ Եւ այդ համաձայնագրերի ցանկացած խախտում, բնականաբար, իր մեջ կրում է լարվածության լուրջ սպառնալիք։ Մենք կողմնակից ենք շփման գծում մոնիթորինգի եւ վերահսկողության մեխանիզմների ներդրմանը։

Եվ նման համաձայնագրեր ձեռք են բերվել Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի հովանու ներքո տեղի ունեցած հանդիպումների ընթացքում։ Դժբախտաբար, Ադրբեջանը հերթական անգամ հրաժարվում է իր վրա վերցրած պարտականություններից, եւ դա բացասական հետք է թողնում կարգավորման ուղիներ փնտրելու ամբողջ գործընթացի վրա։ Յուրաքանչյուր կողմ ինքն է անում իր ընտրությունը։ Բայց մենք կարծում ենք, որ իրադրությունը, որը կա այսօր՝ հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներով, հաստատ իր մեջ հակամարտության կարգավորման նախադրյալներ չի կրում», - նշել է նախարարը։ Այն հարցին,թե արդյոք կարելի՞ է իրադրությունը կայուն համարել, Սարգսյանը պատասխանել է. «Ոչ, իհարկե, չի կարելի»։

Պատասխանելով 2016 թվականի ապրիլից հետո բանակի վերազինման մասին հարցին՝ Վիգեն Սարգսյանը նկատել է. «Բանակի վերազինումը մշտական գործընթաց է։ Բանակում ցանկացած իրադարձություններից հետո, նույնիսկ պլանային զորավարժություններից հետո, արդյունքների ամփոփում է տեղի ունենում ու եզրակացություններ են արվում, փոխվում են առաջնայինությունները, դա բնական գործընթաց է։ Իհարկե, ռազմական գործողություններից հետո նման գործընթացն առավել խորը բնույթ է կրում, հիմնվում նաեւ հակառակորդի կիրառած ռազմական տեխնիկայի արդյունավետության վրա։ Վերջին սրացումից  սպառազինության տեսակների շատ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք անհրաժեշտ են հավասարակշռության պահպանման եւ հետագայում նման լարվածության կանխման համար»։