Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի, ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, որը նախորդ գումարման Ազգային ժողովում քվեարկության կոճակը սեղմելուց բացի, այլ գործունեությամբ աչքի չի ընկել, NEWS.am-ի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչի շնորհիվ կրկին հայտնվեց 6-րդ գումարման խորհրդարանում:
Պարոն Սարգսյան, նախորդ գումարման Ազգային ժողովում Դուք քննադատվում էիք պասիվ լինելու համար, Ձեզ որեւէ մեկը չլսեց այդ հինգ տարվա ընթացքում, ի՞նչ հետեւություն եք արել այդ քննադատություններից, այս անգամ ակտիվանալո՞ւ եք:
Աշխատանքը սկսենք՝ կտեսնենք: Էդի ես կորոշեմ՝ ակտիվ լինեմ, թե պասիվ լինեմ:
Ի՞նչը կարող է ստիպել ակտիվ լինել:
Ինձ ոչ մեկ չի կարա ստիպի… Բուռն քննադատվեցի, դրա համար էլ 27 հազար ձայն հավաքեցի:
Կարծիքներ կան, որ դա եղել է Տարոն Մարգարյանի վարչական ռեսուրսների գործադրման արդյունքում, նրա ակտիվ աջակցությամբ:
Ո՞վ ա տենց բան ասել, բա մնացածը ինչի չեն ստացել էդքան բան:
Իսկ ինչի՞ շնորհիվ եք ստացել այդքան քվե:
Իմ աշխատանքի շնորհիվ, մեր ժողովրդի հետ շփվել եմ: Իմ աշխատանքը եղել ա հանձնաժողովներում եւ լիագումար նիստերում:
Կհիշեցնե՞ք մեկ օրինակ՝ հանձնաժողովում ի՞նչ եք արել կամ որեւէ նախագիծ, որին առնչվել եք որեւէ կերպ:
Չեմ արել ոչ մի նախագիծ, ինչի չգիտե՞ք դրա մասին, որ հարցնում եք:
Ժողովրդի հետ շփվել ասելով՝ ինչ նկատի ունե՞ք, ի՞նչ է դա նշանակում, շփվելը ո՞րն է:
Գնացեք ավանցիներին հարցրեք, Ձեզ կասեն՝ շփվելը որն է, ընդունելություն եմ արել, իրանց կարծիքներն եմ լսել, իրանց հարցերն եմ լուծել…
Ի՞նչ հարցեր եք լուծել, աձնակա՞ն:
Այո, գլոբալ հարցեր չեն եղել, դրա համար էլ չեմ բարձրաձայնել:
Ի՞նչ հարցերով են դիմել:
Պետական հիմնարկներում ինչ-որ խոչընդոտներ, որ եղել ա… կամ մյուսը կամ մյուսը, ինչը, որ օրենքի սահմաններում ա…
Այսինքն՝ նրանց համար խնդիրներ են ստեղծել իրավունքների հետ կապված, գնացել պաշտպանե՞լ եք:
Չեմ պաշտպանել, ուղղակի ուղեցույց եմ արել՝ ոնց անի:
Ամեն դեպքում, առանց Տարոն Մարգարյանի աջակցության քանի՞ ձայն կստանայիք:
20 հազար:




























