Ազատագրելով Շուշին նրանք հայ ժողովրդին փոխանցեցին Արցախի եւ Ուտիքի բանալիները: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:

Նա իր հայտարարությունում նաեւ նշել է.

«Մեր հայոց բնօրրանի` Մեծ Հայքի Արցախի եւ Ուտիքի նահանգները միասին կազմում են շուրջ 23 հազար քառակուսի կիլոմետր: Մեր ռազմական գործիչները ձեռք բերելով Արցախի եւ Ուտիքի բանալին` 1994-ին  պատրաստ էին վերջնական ազատագրել մեր հայրենիքի Արցախ եւ Ուտիք նահանգները, սակայն դավաճանության պատճառով այն կասեցվեց: Դավաճանության հետեւանքով Արցախի քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը ենթարկվեց հալածանքների` նրանց կամ սպանեցին, կամ մեկուսացրեցին, կամ վտարեցին հայրենիքից: Այսօր էլ Արցախի եւ Ուտիքի բանալին մեր ձեռքում է, սակայն այն չենք կարող օգտագործել, քանի որ այսօր էլ դավաճաններն են թելադրում քաղաքականությունը: Նոր հարսանիքներ կազմակերպողները եւ նոր դռներ բացողները դավաճանների կողմից դարձյալ հետապնդվում են` նրանք գտնվում  են կամ բանտախցերում կամ օտար երկրներում:

Շնորհակալություն եւ փառք մեր սիրելի հերոսներին:

Սիրելի Արկադի Տեր-Թադեւոսյանի գլխավորությամբ Ժիրայր Սեֆիլյանին, Սամվել Բաբայանին, Արայիկ Խանդոյանին, Պավլիկ Մանուկյանին, Վոլոդյա Ավետիսյանին,  մեր կենդանի ու նահատակված բոլոր հերոսներին եւ զինվորներին ու ողջ հայ ժողովրդին շնորհավորում եմ հաղթանակի համար:

Դավաճանության հետեւանքով բանտախցերում գտնվող մեր հերոսներին ջերմ ուղերձով հայտնում ենք, որ սպասում ենք ազատագրման` մեծ ազատագրման եւ մեծ հարսանիքի հայոց ԱՐԱՐԱՏՈՒՄ»: