«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը երկու ժամկետով եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, բայց մենք նրանից միայն խոսակցություններ ենք լսել։ Այս մասին մայիսի 8-ին ասել է ՀՀԿ-ից Երեւանի ավագանու թեկնածու Լեւոն Իգիթյանը՝ Երեւանի Մալաթիա- Սեբաստիա համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք ձեր հետ միասին մեր փողը տվել ենք նրան, որ նա մեզ ծառայի, որ բարի գործ անի։ Հիմա հարց եմ տալիս ՝ երկու ժամկետում մենք նրան մոտ 70 հազար դոլար ենք տվել։ Իսկ ի՞նչ ենք ստացել դրա դիմաց։ Ոչ մի բան։ Խոսակցություն, խոսակցություն։ Աշխատող մարդը չի խոսում»։
Անդրադառնալով «Ելք» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, Լեւոն Իգիթյանն ասաց «Նա էլ մի ժամկետով է պատգամավոր եղել ու 36-40 հազար դոլար է ստացել «за болтовню»՝ խոսալու համար։ Նրանք ոչինչ չեն ստեղծել, քարը քարի վրա չեն դրել։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս՝ կարո՞ղ ա մենք «дурак» ենք։ Մտնես խանութ, փողը տաս ու ոչինչ չվերցնես, կամ էլ գնաս ինստիտուտ, որպեսզի կրթություն ստանաս, փողը տաս ու չսովորես»։




























