«ՅՈՒԿՕՍ» նավթային կոնցեռնի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին կարծում է, որ իր նկատմամբ երկրորդ դատական գործընթացի արդյունքում ինքը կդատապարտվի ցմահ բանտարկության: «Ինձ փորձում են բանտում պահել մինչեւ կյանքիս վերջը»,- ասել է Խոդորկովսկին՝ մյունխենյան «Ֆոկուս» ամսագրին տված հարցազրույցում: Նա հայտարարել է, որ չի հավատում ոչ ռուսական դատարանի արդարադատությանը, ոչ էլ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` երկրում դատական համակարգն ամրապնդելու վերաբերյալ խոստումներին: «Ռուսաստանի դատարանների անկախության հասնելուց դեռ շատ հեռու ենք»,- հավելել է նա:
Խոդորկովսկին կարծում է, որ իր նկատմամբ նոր գործ հարուցելու նախաձեռնությունը գալիս է երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինին շրջապատող ուժային կառույցներից:
Հիշեցնենք, որ այս նոր դատական գործընթացում Խոդորկովսկին ու նրա գործընկեր Պլատոն Լեբեդեւը մեղադրվում են 1998-2004 թվականներին ավելի քան 890 միլիարդ ռուբլու հափշտակման, 450 միլիարդ ռուբլու ու 7,5 միլիարդ դոլարի լեգալացման մեջ:
Խոդորկովսկուն սպառնում է 22 տարվա ազատազրկում: Ավելի վաղ հարկերից խուսափելու համար նա դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման:



















