Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է լուրերն այն մասին, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները գլխատել են ռուս զինծառայողին, որը Սիրիայում հանձնարարություններ է կատարել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Սիրիայում ռուսական զինված ուժերի բոլոր զինծառայողները ողջ ու առողջ են եւ հանձնարարություններ են կատարում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, իրենց ստորաբաժանումների կազմում», — հայտնել են պաշտպանության նախարարությունում։

Գերատեսչությունում նաեւ հայտարարել են, որ առանձին լրատվամիջոցների գործողությունները, որոնք «պարբերաբար տիրաժավորում են միջազգային ահաբեկչական խմբավորումների տեղեկատվական արտանետումները, դատապարտելի են»։

Ավելի վաղ Reuters գործակալությունը՝ վկայակոչելով SITE մոնիթորինգային խմբին, հայտնել է, թե ԻՊ-ը տեսագրություն է հրապարակել, որտեղ գլխատում են իբր թե ռուս հետախույզին։