Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից ռազմական գործողություններին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել ազատամարտիկ Ալբերտ Ալավերդյանը՝ Հրազդանցի Աբոն: Նա ակտիվ մասնակցել է նաեւ Շուշիի ազատագրման համար մղված մարտերին՝ լինելով Շուշիի առանձնակի գումարտակի գրոհային վաշտի հրամանատար։

Հրազդանցի Աբոն ծնվել է 1963թ. Դաշտային Արցախի Զագլիկ գյուղում: 1965թ. ընտանիքով տեղափոխվել է Հրազդան: Նա երկու մանկահասակ երեխաների հայր էր, երբ կիսատ թողնելով բարձրագույն կրթությունը՝ մեկնեց ռազմաճակատ:

«Երեխեքս փոքր էին՝ տղաս՝ 1 տարեկան, աղջիկս՝ 2, երբ որոշեց մեկնել ռազմաճակատ: Նրան հետ պահել չէի կարող, որովհետև նա մարդու այն տեսակն էր, որի որոշումները վերջնական են և անբեկանելի: Ինձ մնում էր միայն համակերպվել ու սպասել: Հանրակացարանում էինք ապրում, մութ ու խավար տարիներ, մի կողմից դժվարությունները, մյուս կողմից այն համոզմունքը, որ այդպես էլ պիտի լինի: Ես երբեք չեմ տրտնջացել, չեմ դժգոհել»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ազատամարտիկի կինը՝ Նանար Սահակյանը։

Աբոն, ճիշտ է, քիչ էր տուն գալիս, բայց շատ հոգատար հայր էր՝ հիշում է կինը։ Ամեն անգամ Ղարաբաղից վերադառնալիս որդու հետ ձկնորսության էր գնում։  Տնեցիներին ոչինչ չէր պատմում պատերազմի ու իրենց ծրագրերի մասին. «Մայիսի 9-ն իմ ծննդյան օրն է: Երբ 10-ին զանգեց, խոսեցինք, ասացի՝ ծնունդիս ինձ համար ի՞նչ նվեր ես անելու, ասաց՝ Շուշին ենք ազատագրել քո համար»։

1993թ. դեկտեմբերի 10-ին Նանարն ամուսնուն վերջին անգամ տեսավ. «Այդ օրը երբեք չեմ մոռանա: Դա միակ դեպքն էր, երբ նրան հրաժեշտ տալիս համ ես լացեցի, համ երեխեքս։ Ասեց՝ մի լացեք, Նոր տարուն գալու եմ... բայց չեկավ: Հունվարի 3-ին զանգեց, տղաս լաց եղավ, ասեց՝ ինչո՞ւ չեկար, պատասխանեց, թե հին Նոր տարուն կգա... բայց զոհվեց հունվարի 10-ին Ֆիզուլիում»։

Հրազդանցի Աբոն հետմահու արժանացել է «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի, «Շուշիի ազատագրման համար» մեդալի, ՀՀ «92-94» մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանի։