Աշոտ Աբրահամյանի տանը ոչինչ չի վկայում Ղարաբաղյան պատերազմի մասին: Զուսպ, բայց ժպտացող աչքերով Աբրահամյանը հազիվ թե ներկայանար, եթե նրա կինը սեղանին չդներ վկայականը, որի ետեւում Արկադի Տեր-Թադեւոսյանի ձեռքով գրված է՝ «Կոմանդոսի անձնական ներկայացուցիչ»: Մարդը, ում գերգաղտնի տեղեկություններ են վստահվել եւ հատուկ կարեւորության խնդիրներ հանձնարարվել, այս մասին բարձրաձայն չի խոսում, հակառակը՝ նրբորեն լռում է:

- Քանի՞ հոգի էին Կոմանդոսի անձնական ներկայացուցիչները,- հարցնում եմ ես:

- Որքան ինձ է հայտնի, ես էի միայն,- պատասխանում է նա: 

Հետագա զրույցի ընթացքում էլ ղարաբաղյան իրադարձությունների մասին պատմելիս նա իր մասին համարյա չի խոսում՝ ջերմությամբ հիշելով մարտական ընկերներին:

Եթե տուն չեմ եկել, ուրեմն Ղարաբաղում եմ​...

Ես Խոսրով անունով քեռի ունեի, նա հաճախ էր գնում Ղարաբաղ, իսկ 1987 թվականին գրանցվել էր գյուղերից մեկում եւ այնտեղ անտառապահ էր աշխատում։ Արդեն այն ժամանակ օդում զգացվում էր գալիք պատերազմի շունչը։ Լարվածությունն օրեցօր աճում էր, հաճախացել էին կողոպուտներն ու դրվագային տեղային բախումները։ Ադրբեջանցիներն սկսել էին թունավորել ցանքերը, գողանալ եւ ոչնչացնել անասուններին։ Դա նպատակ ուներ տեղահանել հայերին իրենց տներից։ Այդ ժամանակ մենք դավիթաշենցի մեր ընկերների հետ գրանցվել էինք Ղարաբաղում։ Բոլոր փաստաթղթերով Խոսրով քեռին էր զբաղվում։ Դա արվում էր այն բանի համար, որ անհրաժեշտ պահին լինեինք անհրաժեշտ վայրում եւ չունենայինք որեւէ խնդիր։

Ինքը՝ Խոսրով քեռին արդեն պայքար էր մղում։ Նա միայնակ ազատագրել էր մեկ գյուղ։ Ինչպե՞ս էր դա եղել։ Նա կարող էր դուրս գալ անտառից եւ, ասենք, կրակել օդ կամ ջրով լի դույլի վրա, որի համար գալիս էին գետի մոտ։ Այդպես ադրբեջանցիների շրջանում խուճապ էր առաջացել, եւ նրանք աստիճանաբար հեռացան։ Մի օր պարզվեց, որ նրանց գյուղում ոչ ոք չկա, եւ քեռիս տեղափոխվեց այնտեղ բնակվելու։ Ցավոք, որոշ ժամանակ անց նա մահացավ։

1990 թվականին ես գրանցվեցի «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատում։ Շուտով մեզ միացավ Արկադի Տեր-Թադեւոսյանը։ Հիմնական մարտական գործողություններն սկսվեցին արդեն 1991-ին։ Ես այդ ժամանակ մոտ 30 տարեկան էի, ամուսնացած էի եւ երկու երեխա ունեի։ Ես պատերազմ գնալիս ոչ մեկին չեմ զգուշացրել, ոչ այն ժամանակ, ոչ հետո։ Եթե տուն չեմ եկել, ուրեմն Ղարաբաղում եմ, եւ իմ ընտանիքը դա գիտեր։

Առաջին անգամ ես իմացա ինչ է պատերազմը Երասխավանի մարտերում։

Իմ ինքնաձիգը մնաց Ղարաբաղում...

1990-ական թվականներին մենք դեռ նորմալ զենք չունեինք, հիմնականում կռվում էինք ինքնաշեն զենքերով։ Դա բավական ռիսկային էր, քանի որ երբեք չգիտես՝ ինչ կարող է լինել ծանր պահին։

Մի անգամ փողոցում «ՈՒԱԶ» տեսա, միանգամից գլխի ընկա, որ Արկադի Տեր-Թադեւոսյանն ինչ-որ տեղ է գնում։ Կանգնեցրի մեքենան, իսկապես, ներսում Կոմանդոսն էր։ Հարցրի՝ ուր եք գնում, պատասխանեց՝ նախարարն իրեն ուղարկում է Ղարաբաղ։ Հարցրի՝ զենքն ուր է, ասաց՝ զենք չունի։ Իսկ ես տանը լավ ինքնաձիգ ունեի, բերեցի ու տվեցի հրամանատարին։ Ավելի ուշ իմ  ինքնաձիգը վերադարձավ ինձ մոտ, Մարտակերտում։

Այն այդպես էլ մնաց Ղարաբաղում։ Ես երբեք Ղարաբաղից զենք չեմ բերել տուն։ Անգամ, երբ այն իմ անձնական ինքնաձիգն էր, եւ ես չէի հասկանում նրանց, որոնք զենքը տուն էին տանում։ Այդ զենքը կարող էր պետք գալ ճակատում։ Զենքի տեղը տունը չէ։

Ես երբեք զինվորական հագուստ չեմ կրել. Ինչո՞ւ...

Ես երբեք զինվորական հագուստ չեմ կրել. Ինչո՞ւ։ Ինձ երբեք դուր չի եկել հագնել զինվորական հագուստը, զենքը գցել ուսիս ու փողոցով քայլելով գնալ պատերազմ։ Ոչ, դա իմ մասին չէ։ Բայց մի անգամ Արկադի Տեր-Թադեւոսյանը ստիպեց ինձ հագնել զինվորական հագուստ, երբ մենք պատրաստվում էինք մեկնել Մարտակերտ։ 1992-ին Մարտակերտում այլեւս ոչ ոք չկար։ Մարդիկ հեռացել էին, դիրքերը դատարկ էին։ Կոմանդոսը կանչեց մեզ՝ 10-11 մարդ, հիմնական կորիզը եւ ասաց. «Մեկնում ենք Մարտակերտ։ Վստահ եղեք, որ մեզնից կեսը ողջ չի վերադառնալու։ Բայց մենք պետք է գնանք եւ պահենք քաղաքը։ Մարտակերտը չի կարելի անտեր թողնել։

Ավելի լավ է լինել մարտի դաշտում, քան տեսնել, թե ինչպես են զոհվում մարտական ընկերներդ...

Մի պահ կար, երբ Մարտակերտն սկսեցին անխնա ռմբակոծել։ Օդում անդադար ինքնաթիռների ձայնն էր լսվում, անընդհատ աշխատում էր հրետանին։ Դա 1992-ի հունիսի 27-28-ն էր։ Մեր հետախույզները՝ Արսենը, Հայկազը, Կյաժն ու Վիկտորը, վերցրել էին «Իգլան» ու բարձրացել բլուրը։ Վերեւում ցանկապատված գերեզմանոց կար։ Հենց նրանք անցան ցանկապատը, ադրբեջանցիները «Գրադ» կայանքից սկսեցին ինտենսիվորեն գնդակոծել բլուրը։ Ամենայն հավանականությամբ, աշխատել էր նրանց հետախուզությունը։ Եթե չխաբեմ, մոտ 40 համազարկ եղավ։

Պետք էր տեսնել Կոմանդոսին... Նա մի ակնթարթում սփրթնեց, ձեռքերով բռնեց գլուխը եւ նստեց հողի վրա... նրա դեմքից գետի պես քրտինք էր հոսում։ Այդպես նա անցկացրեց պատերազմը։ Կոմանդոսը չի զոհվել, բայց ամեն զոհվողի հետ հավասար զոհվել է։ Գիտեք, ավելի լավ է լինել մարտի դաշտում, քան տեսնել, թե ինչպես են զոհվում մարտական ընկերներդ։

Բայց այս պատմությունը նրանով է լավ, որ տղաները ողջ մնացին։ Դա հրաշք էր, նրանց հաջողվեց փրկվել՝ թաքնվելով գերեզմանաքարերի հետեւում։

Ոչ ոք չի հասկանում Կոմանդոսին...

Ոչ ոք չի հասկանում Կոմանդոսին։ Նա ասում է առաջին ու վերջին խոսքը, իսկ այդ երկուսի միջեւ ընկած բառերը պետք է ինքդ գլխի ընկնես։ Նրան անգամ սեփական զավակները չեն հասկանում։ Բանն այն է, որ նա 2-3 քայլ առաջ է մտածում, եւ նրան թվում է, թե բոլորը պետք է կես բառից հասկանան իրեն։ 

Մենք ձեւ էինք անում, թե չենք նկատում, թե ինչպես է շաքարը շատ արագ վերջանում...

Այն, ինչ տեղի ունեցավ Խոջալուում, բառերով պատմելու բան չի։ Անհնար էր պատկերացնել, որ հակառակորդի զինվորները կկրակեն սեփական մարդկանց վրա, բայց նրանք կրակում էին։

Խոջալուի դեպքերից հետո մենք գերիներ վերցրեցինք։ Նրանց շարքում կանայք ու երեխաներ կային։ Մենք նրանց ավտոբուս նստեցրինք։

Այն ժամանակ սննդի հարցը լուրջ էր, համարյա չկար։ Մեր մեջ Արսեն Հակոբյան անունով տղա կար, ում արածն անհնար է հիշել առանց ժպիտի։ Մեր պահեստում շաքարի խորանարդիկներ կային, Արսենը թաքուն լցնում էր գրպանները, մոտենում ավտոբուսին եւ շաքարը բաժանում երեխաներին։ Մենք ձեւ էինք անում, թե չենք նկատում, թե ինչպես է շաքարը շատ արագ վերջանում։

Չեմ հիշում ՝ քանի մեդալ ունեմ եւ որտեղ են բոլորը դրված։

Ես նշանակություն չեմ տալիս մեդալներին։ Չգիտեմ, թե քանի մեդալ ունեմ եւ որտեղ են դրված։ Ինչի՞ս է պետք։ Այն ինչ արել ենք, արել ենք մեր հողի եւ մեր երեխաների համար։