ԵԱՀԿ գրասենյակի փակման պատճառների վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունները եւ մեղադրանքները հիմնավորված չեն: Այս մասին արտաքին կապերի հարցերով խոհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը հայտարարեց «Մեդիակենտոնում» ընթացող բանավեճի ժամանակ՝ խոսելով ԵԱՀԿ գրասենյակի փակման մասին:

Իգիթյանը հիշեցրեց, որ Բաքվի վերաբերմունքը ԵԱՀԿ սեփական գրասենյակի նկատմամբ նույնպես խնդրահարույց էր՝ կարգավիճակը նախ նվազեցրին մինչեւ համակարգողի, որից հետո փակեցին»,- նշեց Իգիթյանը: Նա միաժամանակ տեսակետ հայտնեց, որ հայկական կողմը բոլոր միջոցները չի ձեռնարկել գրասենյակլի փակումը թույլ չտալու համար: Դրա հետ մեկտեղ նշեց Ռուսաստանի դեսպանի սառը վերաբերմունքը գրասենյակի փակման հարցում: «Սա նույնիսկ ափսոսանք չէ»,- նշեց Իգիթյանը: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունությունն այս տարեսկզբից «օդում կախված էր»՝ կապված  մանդատի երկարաձգման հարցում կոնսենսուսի բացակայության հետ: Ադրբեջանը դժգոհություն էր հայտնել ականազերծման ծրագրի թրեյնինգների առնչությամբ: Սկզբում գերմանական, իսկ հետո՝ ավստրիական նախագահությունը փորձեցին համոզել Ադրբեջանին դժգոհության անհիմն լինելու մեջ, բայց ապարդյուն:

Օրերս Վիեննայում կայացած բանակցությունները դրական արդյունք չտվեցին: