Վերաքննիչ դատարանի ընդունած որոշումը հօգուտ Բուդաղյանների տեսակետի վկայում է, որ դատարանն առաջին անգամ ընդունել է մեր փաստարկի իրավացիությունը: Այս մասին մայիսի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով՝ սա միայն առաջին քայլն է: «Հետագայում սրանից շատ բան կախված կլինի: Ես հույս ունեմ, որ նոր որոշումներ կլինեն: Վաղ թե ուշ ճշմարտությունը կբացահայտվի, եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Թող նրանք չոգեւորվեն՝ մտածելով, որ իրենց հաջողվել է ջրից չոր դուրս գալ: Անհնար է անվերջ անարդար դատական ակտեր կայացնել»,- ընդգծեց Հայկ Աումյանը:

Այնուհետեւ շարունակեց, որ վերջին շրջանում Բուդաղյանների գործով կարծես նորություններ չկային, սակայն Բուդաղյաններն իրենց պայքարը երբեք չեն դադարեցրել: Վերաքննիչ դատարանի որոշումը, ըստ փաստաբանի, նշանակում է, որ Բուդաղյանների գործով պետք է բաց դատաքննություն ընթանա: «Միայն այսպիսի դատաքննության ընթացքում պարզ կլինի՝ արդյոք Ավետիք Բուդաղյանն է առաջինը հարձակվել, իսկ Սուրիկ Խաչատրյանի մերձավորները պաշտպանվել են, կամ հակառակը՝ իրենք են մեղավոր: Ցանկանում եմ շեշտել, որ Բուդաղյաններն արդարության վերահաստատման եւ մեղավորներին խստագույնս պատժելու համար պայքարը ոչ մի րոպեով չեն դադարեցրել»,- ամփոփեց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլի 27-ին Վերաքննիչ դատարանը ուժի մեջ էր թողել Ավետիք Բուդաղյանի սպանության գործով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի դեմ քննությունը վերսկսելու մերժման մասին որոշումը: Սակայն դատարանը համաձայնվել էր վերսկսել Ավետիք Բուդաղյանի մահվան հետ կապված քննությունը:

2013 թվականի հունիսի 2-ին այդ ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ փոխհրաձգության ժամանակ Գորիսի քաղաքապետի թեկնածու Ավետիք Բուդաղյանը զոհվել էր, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը ծանր վիրավորվել: Սպանության գործով ձերբակալվել էին մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, սակայն 2013-ի սեպտեմբերին նրաց նկատմամբ քրեական գործը կարճվել էր: Քննչական մարմինը նրանց գործողությունները ինքնապաշտպանություն էր որակել: 2013-ի հուլիսի 9-ին Արտակ Բուդաղյանին եւ նրա հարազատներին Սուրիկ Խաչատրյանին սպանությամբ սպառնալու մեղադրանք էր առաջադրվել, Ավետիք Բուդաղյանի դեմ գործը կարճվել էր նրա մահվան փաստով: