Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 11-ին տեղի կունենա կինոյի պատմության ամենանշանակալի գործերից մեկի՝ «Մետրոպոլիս» համր-ֆիլմի ցուցադրությունը, որը կուղեկցվի գերմանացի հայտնի «համր ֆիլմերի դաշնակահար» Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերի նվագակցությամբ:

Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ գերմանական թերեւս ամենահայտնի համր ֆիլմ «Մետրոպոլիսը» 2010թ. վերականգնված տարբերակով եւ Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերի երաժշտական վիրտուոզ նվագակցությամբ առաջին անգամ կներկայացվի հայ հանդիսատեսին:

1927թ. էկրան բարձրացած այս ֆիլմը համարվում է էքսպրեսիոնիստական կինոարվեստի հանրաճանաչ գործերից մեկը եւ շատ արվեստագետների ներշնչման աղբյուր: Այս գիտաֆանտաստիկ ֆիլմն իր տեսակի մեջ առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն էր եւ համարվում է բլոկբաստերի վաղ նախատիպը: Այն նաեւ այն ժամանակների ամենաթանկ ֆիլմերից է: Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու հիմնադրամի կողմից վերականգնված տարբերակով ներկայացվող ֆիլմի պրեմիերան կայացել է 2010թ. փետրվարին՝ Բեռլինալեում: Դեռեւս 2001թ. նույն  հիմնադրամի կողմից վերականգնված եւ կրկին Բեռլինալեում ներկայացված ֆիլմի տարբերակն այն ժամանակ, առհասարակ առաջինը որպես ֆիլմ, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային վավերագիր ժառանգության մեջ:

Ֆոն Բոթմերի ժամանակակից կինոերաժշտությունը, կենդանի կատարմամբ մատուցվելով ֆիլմի ցուցադրման ողջ ընթացքում, հանդիսատեսին լարված ու հուզումնալից ճամփորդության է տանում այս փառահեղ ֆիլմի միջով եւ լապտերի նման լուսավորում իմաստային լաբիրինթոսի ուղիները:

Տոմսերը վաճառվում են Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղում։ 

«Մետրոպոլիս» համր-ֆիլմ-համերգի ցուցադրությունը՝ դաշնակահար Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերի նվագակցությամբ մայիսի 13-ին՝ ժամը 15.00-ին տեղի կունենա նաեւ Վանաձորի Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում: