«Ելք» դաշինքի եւ մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում նրա թեկնածուի գործունեության արդյունքում Երեւանի բյուջեն 30-40 մլրդ դրամով կմեծանա: Մայիսի 10-ին կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Ելք» դաշինքից քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Նրա հավաստիացմամբ՝ իրենք կմեծացնեն արդյունավետությունը Երեւանի բյուջեի ծախսերի տեսակետից: Անդրադառնալով ընտրակաշառքից հրաժարված քաղաքացիներին սոցիալական աջակցության (15 հազար դրամի չափով) առաջարկին՝ Փաշինյանը նշեց, որ իրավական տեսակետից առաջարկը 100 տոկոսով համապատասխանում է օրենսդրությանը: «Ընտրակաշառման ինստիտուտը ստեղծել է քաղաքական ճգնաժամի վիճակ, եւ մենք մեր պարտքն ենք համարում լուծումներ առաջարկլկել՝ պատրաստ լինելով քննարկելու նաեւ այլ մեխանիզմներ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Մայիսի 8-ին «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրի մեջ է ընդգրկվել առաջարկ այն մասին, որ Երեւանի ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում ինքը քաղաքի բյուջեում փոփոխություններ կկատարի եւ սոցիալական աջակցություն կառաջարկի այն քաղաքացիներին, որոնք կհրաժարվեն ընտրակաշառքից:




























