ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի վերաքննիչ դատարանի որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել Օսմանյան կայսրությունում 1915 թ. Ցեղասպանության զոհերի ժառանգորդներին կյանքի ապահովագրության շրջանակներում փոխհատուցում տալու մասին օրենքը, չի տարածվում «ԱՔՍԱ» ապահովագրական ընկերության գործով սկսված գործընթացի վրա: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանից:

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը' 2007թ-ի կեսերից ֆրանսիական «ԱՔՍԱ» ապահովագրական ընկերության գործով դիմումների ընդունման գործընթացը իր մասով ավարտել է, որը ենթադրում էր իրավաբանական խորհրդատվություն, հայցերի նախապատրաստում և հետեւյալ հասցեներով Kurkjian and Ouzounian v. AXA Settlement Administrator AXA Settlement Claim fund 900 Wilshire Blvd., Suite 614 Los Angeles, CA 90017, ուղարկում: Արդարադատության նախարարություն ներկայացված բոլոր հայցադիմումները ուղարկվել են կարգավորող հանձնաժողովին՝ մինչև 2008 թվականի հունվարի 7-ը:

Ուղարկված դիմումների համաձայն, ժառանգորդ ճանաչվելու կամ չճանաչվելու փաստը հաստատվելու է դատարանի վճռով:

«ԱՔՍԱ»-ի կարգավորող հանձնաժողովի գործադիր տնօրեն պարոն Բ. Գարթալյանը ներողություն է հայտնել ժամկետների երկարաձգման համար: Դատական գործընթացի ավարտվելուն պես, որը, ըստ նրա, կավարտվի մինչև այս տարվա վերջ, նրանք անմիջական նամակագրական կապ կհաստատեն դիմումատուների հետ՝ առանց Արդարադատության նախարարության միջնորդության և գիտության: Այդ նամակով նրանք կտեղեկացվեն իրենց հայցի բավարարման կամ մերժման մասին, ինչպես նաև ապահովագրական գումարի չափի մասին: