Իջեւանի շուկայի աշխատակիցները պահանջում են քանդել շուկայի հենապատերը, որպեսզի ճանապարհը բաց լինի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն՝ անդրադառնալով իջեւանցիների այսօրվա բողոքի ակցիային։

«Բղոքում էին, որ շուկան միջպետական ճանապարհը առանձնացնող հենապատեր ունի, որոնք խանգարում են իրենց, պահանջում էին քանդել դրանք, քանի որ այդ պատերը, իրենց ասելով, խանգարում է առեւտրին։ Քննարկումներ կազմակերպեցինք, հրավիրեցի մարզպետարան մի քանի մասնագետների մասնակցությամբ առաջարկություններ ներկայացվեցին»,–ասել է մարզպետը։

Հովիկ Աբովյանը նշել է, որ քննարկումները պետք է շարունակեն կառավարության համապատասխան ներկայացուցիչների հետ, որից հետո որոշում կայացնեն։

«Մենք այլընտրանքային ճանապարհի առաջարկ արեցինք, բեռնատարները տեղափոխենք զուգահեռ փողոց, այլընտրանքային տարբերակներ կան, որ քաղաքի միջով են անցնում, հնարավոր է՝ երթեւեկության մասով փոխենք փողոցները, որ ճանապարհը թեթեւանա»,–ասել է մարզպետը։

Աբովյանն ասել  է, որ մարդիկ դժգոհ են նաեւ մարզի ճանապարհների վիճակից։ «Մինչեւ մայիսի 15-ը կավարտենք ընթացիկ վերանորոգումը։ Իսկ Հաղարծին-Թեղուտ հատվածում կապիտալ նորոգման աշխատանքներ կանենք»,- ասել է մարզպետը։