ՀՀ պետեկամուտների կոմիտեն 2016-ի հոկտեմբերից 2017-ի ապրիլ ընկած ժամանակահատվածում ապահովել է մոտ 654 մլրդ դրամի հարկային եկամուտներ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,6 տոկոսով։  Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Նրա խոսքով՝ հարկային մասով աճը կազմել է 9,4 տոկոս, իսկ մաքսային մարմինների մասով՝ 1,9 տոկոս։

Վարդան Հարությունյանը նշեց, որ այդ ժամանակահատվածում 2,5 անգամ նվազել է հարկային մարմնի կողմից իրականացված հսկողական միջոցառումների թիվը․ ըստ այդմ, 2016-ի հոկտեմբերից մինչեւ 2017-ի մարտ ընկած ժամանակահատվածում իրականացվել է 3588 միջոցառում, մինչդեռ նախորդ տարվա ցուցանիշը կազմել էր 9090։

«2016 թվականի դեկտեմբերի վերջին խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը գնահատվում էր 48,8 տոկոս։  Հիմա ստվերը նվազել է՝ մարտին հասնելով 33,2 տոկոսի։ Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից ռիսկային գնահատված հարկ վճարողների  միջին մասական ստվերը նվազել է 32 տոկոսով։ Ոչ ռիսկային հարկ վճարողների կողմից  2016-ի հոկտեմբերից 2017-ի ապրիլ ժամանակահատվածում վճարված հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են ավելի քան 9 մլրդ դրամով կամ 4,6 տոկոսով»,-ընգծել է ՊԵԿ նախագահը: