«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը մայիսի 11-ին միաձայն հայտարարել է, որ մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում աջակցում է իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությանը։

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ հայտարարությունն ընթերցել է հասարակական կազմակերպության համանախագահ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. ««Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը՝ մոտ 20 հազար անդամներով, որոնցից ավելի քան 10 հազարը ներկայացնում են Երեւանը, առողջապահության ոլորտում ամենաներկայացուցչական կառույցն է, որտեղ ներգրավված են հայտնի բժիշկներ, ոլորտի կազմակերպիչներ, գիտնականներ, ինչպես նաեւ երիտասարդ բժիշկներ։ Մենք շարունակում ենք հակված մնալ մեր առաքելությանն ու նպատակներին։ Դրանք են՝ փոխազդել առողջապահության ոլորտի զարգացումը, Հայաստանում ցուցաբերվող բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարձրացումը, առողջապահական ծառայությունների մատչելիությանը նպաստելը։ Ելնելով վերոնշյալից եւ հաշվի առնելով, որ իր նախընտրական ծրագրում Հայաստանի հանրապետական կուսակցությունը նախատեսել է բարեփոխումներ՝ համահունչ առողջապահության ոլորտում մեր ծրագրերին եւ գոյություն ունեցող խնդիրների լուծման հստակ ուղիներ, ինչպես նաեւ ընդգծելով Երեւան քաղաքի հատուկ դերը մեր երկրի զարգացման հարցում, հայտարարում ենք. 

2017 թվականի մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրություններում «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը Երեւանի ավագանու թեկնածուների կազմում կաջակցի Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ»։

Նշենք, որ հասարակական կազմակերպության համանախագահներ են նաեւ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Արա Մինասյանը, ՀՀ Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Արա Բաբլոյանը, Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը։