Կա օրենսդրություն, եւ եթե տոնավաճառների աշխատակիցներն ուզում են աշխատել, պետք է օրենքով շարժվեն։ Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

Նրա խոսքով, բոլոր դեպքերում իրենք պետք է ֆիքսեն նրանց շրջանառությունը, որ իմանան, թե որքան հարկ պետք է վճարեն. «Նրանք ասում են՝ հարկ չվճարենք։ Մենք ասում ենք, պետք է շրջանառությունը ֆիքսենք, եթե ՀԴՄ չկա, ո՞նց կարող ենք ֆիքսել շրջանառությունը, որից պետք է հարկ վճարվի»:

Դիտարկմանը, թե փոքր ու միջին ձեռնարկատերերի համար դժվար է հաշվապահ ու հաշվապահություն պահել, Վարդան Հարությունյանն արձագանքեց. «Տոնավաճառներում կան նաեւ միջինից բարձր բիզնեսներ, որոնք պետք է հարկվեն։ Փոքր բիզնեսին կօգնենք հաշվապահներով, ծախսն իրենց վրա չենք թողնի։ Իրենց վրա դրված է միայն ՀԴՄ կտրոն տալը։ Իսկ եթե շրջանառության շեմը բարձրանում է, դա արդեն փոքր բիզնես չէ, պետք է հաշվապահ ունենան։ Եթե չեն ուզում հաշվապահություն պահեն, մենք այդտեղ էլ կօգնենք, բայց ՀԴՄ կտրոն պետք է տրամադրեն։ Իսկ եթե համակարգում եղած հուդաները կփորձեն նեղացնել այդ մարդկանց, մենք քայլեր կձեռնարկենք»:

Լրագրողների դիտարկմանը, որ ասենք, տոնավաճառի առեւտրականը որոշակի գումարի վարճավճար է մուծում տոնավաճառի կազմակերպչին, սակայն փաստաթղթերում գրում են այդ գումարից անհամեմատ քիչ գումար, ԲՎարդան Հարությունյանը արձագանքեց. «Եթե փորձում են պետական հարկ չվճարելով այդ խնդիրը լուծել, դա ճիշտ է՞։ Մարդը պետք է իր վճարածի չափով անդորագիրը պահանջի տոնավաճառի կազմակերպչից։ Եթե չեն տրամադրում, թող ահազանգեն»: