Ստվերի հաշվարկման մեխանիզմը մենք գտել ենք, դա գաղտնի չէ, կտրամադրենք բոլորին: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ նշելով, որ իրենց մեթոդով հաշվարկելու արդյունքում պարզել են, որ եթե 2016 թվականի դեկտեմբերի վերջին խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը գնահատվում էր 48,8 տոկոս, այս տարվա մարտին այն նվազել է մինչեւ 33,2 տոկոսի:
«Եթե ուզում եք բացարձակ թվեր, դա սուբյեկտիվ է։ Այդ հաշվարկման մեխանիզմը տրամաբանական ու պարզ է։ Մենք գտել ենք այն կետերը, որտեղ կա ստվերային ռեզերվ եւ այդ ուղղությամբ աշխատում ենք»,-ասաց նա:
Հարցին, թե որքան կնվազի ստվերը մինչեւ տարեվերջ, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Եկեք չկանխատեսենք: Բնական է, որ նման կտրուկ նվազեցում այլեւս իրատեսական չի լինի: Մեր մեխանիզմով որքան հնարավոր է, նվազեցնելու ենք»:
Նա վստահեցրեց, որ իր աշխատած տարիներին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ստվերը զրո է եղել, հիմա էլ է զրո: Փոխարենը չպատասխանեց հարցին, թե այդ դեպքում, ո՞ր խոշոր հարկատուներն են թալանողները. «Թույլ տվեք չպատասխանել, այլ պայքարել ստվերի դեմ: Ստվերը օրինական դաշտ է բերվել խոշորների հաշվին»:




























