Սրիկայություն է մեր աշխատանքը մրոտել ադրբեջանական խնձորով: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով ադրբեջանական խնձորի մաքսանենգ ճանապարհով ներմուծման շուրջ աղմկահարույց դեպքին:
«Այդ երեւույթը շատ բացասական է գնահատվում մեր կողմից։ Մեր համապատասխան վարչության եւ ԱԱԾ կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է՝ ովքեր են ներմուծել խնձորը, քանիսն են մեր աշխատակիցներից ներգրավված այդ գործում: Չեմ կարող հրապարակել անուններ, քանի որ քննություն է ընթանում: Քննչական կոմիտեն հրապարակել է, թե ինչ վնաս է հասցվել պետությանը այդ գործարքի հետեւանքով։ Իհարկե, ՊԵԿ-ում էլ կան մարդիկ, որ չեն հասկանում, որ վերափոխվելու ժամանակն է: Մեղավոր անձինք հայտնաբերվել են հենց մեր ներքին անվտանգության աշխատանքների շնորհիվ։ Մեղքի բաժին ունի ոչ միայն կաշառվող պաշտոնյան, այլեւ կաշառողը, խնձոր ներկրողը, նաեւ այն խանութները, որոնք վաճառում են այդ խնձորը»,-հայտարարեց Վարդան Հարությունյանը:
Հարցին, թե խնձոր վաճառող խանութների մեղքը որն է, նրանք որտեղից կարող էին իմանալ, որ ապրանքը մաքսազերծված չէ, նա պատասխանեց, որ այդ խնձորների եւ տուփերի վրա ադրբեջանական գրառում է եղել:
Սական քիչ անց ինքն իրեն հակասելով նշեց, որ ադրբեջանական ապրանքների ներկրումը Հայաստան չի արգելված. «Իսկ ի՞նչ է, էմբարգո կա՞ ադրբեջանական ապրանքի վրա։ Տնտեսվարողները կարող են ներմուծվել նաեւ օրինական ճանապարհով»:
Ինչ վերաբերում է հետագայում եւս ՊԵԿ-ի համակարգում կաշառվող պաշտոնյաների հայտնաբերմանը, Վարդան Հարությունյանն ասաց. «Էսքան դրականի մեջ գտել եք մի սեւ կետ եւ ուզում եք սեւացնել։ Մենք զգում ենք մեր մեղքի բաժինը եւ անում ենք ամեն հնարավորը, որ նման երեւույթները վերացնենք։ Էլ ի՞նչ պետք է անի, որ չի անում ՊԵԿ-ն այս պայմաններում»:




























