Սեւանի իշխան բուծող «Սեւան Ակվա» ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում ազատվել է մաքսատուրքերից եւ 3 տարով հետաձգվել է ներմուծումից ԱԱՀ-ի գանձումը: Այս մասին որոշումն ընդունվեց մայիսի 11-ին՝ կառավարության նիստի ժամանակ:
Ընկերությունը ձկան բուծման համար 12 նոր նմուշ է ներմուծել: Ցանցերի եւ այլ սարքերի ներմուծումը կկազմի 1 մլրդ 750 մլն դրամ: Ընկերությունը պատրաստվում է 85 աշխատատեղ ստեղծել՝ միջինը 330 հազար դրամ (մոտ 680 դոլար) աշխատավարձով:
Ընկերությունը ստեղծվել է Սեւանում (բաց ջրում) ձկնաբուծության ծրագրին ներդրողների մասնակցության համար: Պետական ծրագրով նախատեսվում է 10 տարում (մինչեւ 2023 թվականը) լճում իշխանի բուծման ծավալները հասցնել մինչեւ տարեկան 50 հազար տոննայի: Ծրագրում անհրաժեշտ ներդրումները գնահատվում են 66 մլրդ դրամ (մոտ 162 մլն դոլար):




























