Թեհրանի «Կոմիտաս» սրահում Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Թեհրանահայության կողմից ֆիլմը շատ ջերմ ընդունելության է արժանացել
Ֆիլմի ցուցադրության սկիզբն ազդարարվել է Հայ Դատի հանձնախմբի նախագահ Արամ Շահնազարյանի խոսքով, ով ներկայացրել է նման ֆիլմերի նկարահանման անհրաժեշտությունն ու կարեւորությունը տեղեկատվական ասպարեզում՝ ադրբեջանական կողմի հակահայկական ապատեղեկատվությանը դիմակայելու առումով: «Արվեստն իր պահանջներն է հետապնդում, եւ Ջիվան Ավետիսյանն այն եզակիներից է, ով առանց նահանջի առաջ է ընթանում դեպի իր նվիրական պարտքն ու ազգանվեր նպատակը: Ինչպիսի մեծ հերոսություն է նրա թիմի նախաձեռնած աշխատանքը ֆինանսական սուղ պայմաններում՝ որի նպատակն է փոքր երկրների կոնֆլիկտի մասին իրականությունը միջազգային ասպարեզ հանել եւ միջազգային հանրության մոտ ճանաչելի դարձնել Արցախը»,- ասել է Արամ Շահնազարյանը՝ ներկաներին կոչ անելով աջակցել ռեժիսորի հաջորդ ազգանվեր եւ կարեւոր նախաձեռնությանը՝ նոր ֆիլմի նկարահանման աշխատանքներին։
Այնուհետեւ, խոսքով հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը, ով, որպես խորհրդատու, անմիջական մասնակցություն է ունեցել ֆիլմի ստեղծմանը, որի մասին կիսվել է հանդիսատեսի հետ։ Աբրահամյանը ներկայացրել է թե՛ ֆիլմի համար գումարի հավաքագրման եւ թե՛ սցենարի զարգացման բարդ աշխատանքները՝ գոհունակություն հայտնելով ստացված արդյունքից։ «Բազմաթիվ անհաղթահարելի թվացող խոչընդոտների հաղթահարման շնորհիվ է հնարավոր եղել նկարահանել այս ֆիլմը։ Այն հնարավոր դարձավ շատերի ջանքերի, բայց հատկապես Ջիվան Ավետիսյանի անկոտրում կամքի, մեծ աշխատասիրության ու իր աշխատանքի նկատմամբ ունեցած մեծ նվիրվածության շնորհիվ»,- նշել է նա:
Ֆիլմի ցուցադրման ավարտից հետո իր երախտիքի խոսքով հանդես է եկել Ջիվան Ավետիսյանը, ով շնորհակալություն է հայտնել ներկաներին, Հայ Դատի հանձնախմբին, Ժորժիկ Աբրահամյանին, ինչպես նաեւ՝ Գարո Հովհաննիսյանին, ում մեծ աշխատանքի շնորհիվ իրականացվում է արդեն իր երրորդ ֆիլմի («Ընդհատված մանկություն», «Թեւանիկ» ֆիլմերից հետո) ցուցադրությունն Իրանում։
Ռեժիսորը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են ֆիլմի ստեղծման եւ առաջխաղացման աշխատանքներին, ներառյալ՝ ՀՀ եւ ԱՀ մշակույթի նախարարություններին։ Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի հաջորդ ցուցադրությունը կայացել է Սպահանում (Ջուղա), մայիսի 10-ին, որին ներկա էին համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ առաջնորդներ։ Ֆիլմը ջերմ ընդունելության է արժանացել նաեւ Ջուղայում։



























