Ես չեմ ուզենա, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո խոսենք բաց թողնված շանսերի մասին։ Այդ մասին այսօր՝ մայիսի 11-ին Հյուսիսային պողոտայում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Ելք» դաշինքից ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
««Ելք» դաշինքի հուշագիրը ստորագրելիս ես ունեի այն համոզմունքը, որ Հայաստանի քաղաքական ներկապնակը այլեւս նույնը չի լինելու։ Եւ դա ապացուցեցին ապրիլի 2-ի ընտրությունները»,- ասել է Մարուքյանն ու հավելել. «Ունենք ինչ ունենք, չեղավ իշխանափոխություն, խորհրդարանում մեծամասնություն չունենք։ Այժմ արդեն ժամանակավրեպ է խոսել այդ շանսը բաց թողնելու մասին»։
Մարուքյանն ասել է, թե չի ուզենա, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո խոսենք բաց թողնված շանսերի մասին։ «Մենք իրավունք չունենք այս անգամ չգնալ ընտրությունների, անհավատություն ու հուսալքություն սահմանել եւ թույլ տալ, որ ՀՀԿ-ն կաշառքի ու կեղծիքների մեխանիզմը գործի նդլեով վերարտադրվի Հայաստանի ամենամեծ քաղաքում։ Եթե անգամ կարկուտ, անդադար անձրեւ լինի, եթե անգամ շատ կարեւոր միջոցառման են հրավիրել, գնացեք ընտրության»,- ասել է նա։
Ըստ Մարուքյանի, ընտրություն գնալը խնդիրների լուծումը չէ, դա առաջին քայլն է։ «Հաջորդ քայլը ձայն ը չփոշիացնելն է։ Մայիսի 14-ին պետք է համախմբել ձայները «Ելք» դաշինքի շուրջ, այլապես ձեր ձայները կարող են փոշիանալ, ինչպես հազարավոր ձայներ փոշիացան ԱԺ ընտրություններում»,- արձանագրել է Մարուքյանն ու վստահություն հայտնել, որ մայիսի 14-ին տեղական մակարդակում փոփոխություններ են սկսվելու։




























