Նոյեմբերի 25-ին Թուրքիայի վարչապետի Լիբանան այցելության դեմ հանդես եկող 3 ավանդական կուսակցությունները (ՀՅԴ, ՌԱԿ եւ ՍԴՀԿ) հանդես են եկել լիբանանահայ համայնքի ուղղված միասնական կոչով: Կոչում, մասնավորապես, ասվում է.
«Պահանջատե՛ր Հայորդի.
Միջինարեւելյան պետությունների մեջ թրքական թափանցումը կսպառնա արաբական աշխարհի ազգային էության, ինքնության, մշակութային ու պատմական յուրահատկությունների գոյության: Արաբական աշխարհը կմոռնա, որ հայ ժողովուրդի նման ընդամենը հարյուր տարի առաջ կգտնվեր օսմանյան բռնատիրության լուծի տակ եւ միայն իր զավակների հերոսական սխրագործություններով ձերբազատվեց այդ տիրապետությունից: Զարթոնք ապրող արաբական ազգայնականությունը դրսեւորվեց արաբ ժողովուրդների ազատ ինքնորոշման արտահայտությամբ: Այսօրվա Թուրքիան օսմանյան ոճրապարտ, ցեղասպան իշխանությունների ժառանգորդն է: Երեւութապես որքան էլ փորձի ծածկել իր դիմագիծը, խորքով միեւնույն ոճրագործ պետությունն է՝ Իսրայելի ռազմավարական դաշնակիցը:
Արդ, մասնակցի՛ր 2010-ի հինգշաբթի՝ նոյեմբերի 25-ին, կեսօրին՝ ժամը 1:00-ին, Նահատակաց հրապարակում հայ քաղաքական երեք կուսակցությունների եւ լիբանանահայ երեք համայնքների հովանավորությամբ տեղի ունենալիք բողոքի հավաքին եւ արտահայտիր Էրդողանի՝ Լիբանան կատարած այցելության դեմ քո ընդվզումը»:





























