Ադրբեջանի խոշորագույն Միջազգային բանկը, որը երկրում արժույթի պակասի եւ արժութային սուր ճգնաժամի հետեւանքով սնանկացման շեմին է, դադարեցրել է արտաքին պարտքի վճարումները եւ վարկատուների հետ բանակցություններ կսկսի վերակառուցման շուրջ, հայտնում է Forbes-ը: 

Մայիսի 10-ին Ադրբեջանի միջազգային բանկը (ԱՄԲ) հիմնական պարտքի եւ 100 մլն դոլար վարկի տոկոսների վճարումներ չի կատարել, նշված է պետական բանկի հաղորդագրության մեջ: Արտարժույթով նրա պարտքի մի մասը կփոխարինվի Ադրբեջանի սուվերեն պարտատոմսերով, իսկ առաջարկվող վերակառուցման ծրագիրը պարտադիր կլինի, եթե վարկատուները դրան հավանություն տան, որոնց է բաժին ընկնում դրամական արտահայտությամբ պարտքի երկու երրորդը:

Բանկի 2019 թվականին մարվող պարտատոմսերի գինը 15 տոկոսով ընկել է, իսկ եկամտաբերությունն աճել է մինչեւ 14,188 տոկոս: Բանկը վճարումների դադարեցումը «ցավալի» է անվանել: «Անհրաժեշտ են հետագա շտապ միջոցառումներ Ադրբեջանի միջազգային բանկի երկարաժամկետ կենսունակության պահպանման համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հարկ է նշել, որ բանկը նաեւ դուստր կազմակերպություն ունի Ռուսաստանում՝ ԱՄԲ-Մոսկվա: 2002 թվականի հունվարին այն բացվել է Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ եւ նրան է պատկանում բանկի 100 տոկոսը: Այն մտնում է ապահովագրական ավանդների համակարգի եւ ըստ ակտիվների (24 մլրդ ռուբլի) թոփ 150 բանկերի մեջ: Ապրիլին նրա հաշվին կորպորատիվ հաճախորդների միջոցների մոտ 2,1 մլրդ ռուբլի եւ ֆիզիկական անձանց միջոցների մոտ 600 մլն ռուբլի կար: