Ադրբեջանի ռազմական ծախսերը վկայությունն են նրա, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հույսերը փոքր առ փոքր անհետանում են։ Vesti.az-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է հրեա վերլուծաբան, միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագետ Արյե Գուտը։

Նրա կարծիքով, դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից ղարաբաղյան հակամարտության մասով էական առաջընթացի սպասել չարժե։

Վկայակոչելով ադրբեջանցի քաղաքագետներին եւ ռազմական փորձագետներին՝ Գուտը հետեւություն է արել, որ «ԼՂՀ խնդրի լուծման  դիվանագիտական միջոցները սպառվել են»։ «Այն, որ Ադրբեջանը ռազմական նպատակներով միլիարդավոր դոլարներ է ծախսում, վկայում է այն  մասին, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հույսերը փոքր առ փոքր անհետանում են։ Այս գործընթացը միշտ իր ավարտն է ունենում։ Այդ է պատճառը, որ Հայաստանում  ամեն րոպե պետք է հիշեն, որ ադրբեջանցիները փողերը քամուն չեն տալիս եւ անտեղի չեն վատնում»,- սպառնացել է Գուտը:

Նրա կարծիքով, պաշտոնական Երեւանին լիովին բավարարում է «Լեռնային Ղարաբաղում արդեն 18 տարի պահպանվող ստատուս-քվոն», ինչը չես ասի Ադրբեւջանի մասին։ «Ցավոք, որպես հակամարտության  լուծման միակ ճանապարհ՝ ես տեսնում եմ պատերազմը։ Դրա մասին է վկայում պատմությունը։ Պատմության  մեջ չի եղել մի դեպք, երբ ռազմական ճանապարհով բռնազավթված տարածքները վերադարձվեն խաղաղ բանակցությունների ճանապարհով»,- հայտարարել է փորձագետը։