Չինաստանի Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանի Ուրումչի քաղաքի ժողովրդական դատարանը, դատախազությունն ու հասարակական անվտանգության վարչությունը նախօրեին համատեղ հայտարարություն են տարածել այն մասին, որ նեարկիչներով հարձակումների համար նախատեսվում է 5 տարի ազատազրկումից մինչեւ մահապատիժ: Նման պատժի կարող են ենթարկվել բոլոր այն տարրերը, որոնք թունավոր կամ թմրանյութով լիքը ներարկիչներով հարձակումներ են գործում քաղաքացիների վրա: Եթե այդ հարձակումների ժամանակ ներարկիչները թունավոր չեն, ապա խուլիգանին սպառնում է 5 տարուց բարձր ազատազրկում: Բացի այդ, պատիժ է նախատեսված նաեւ նրանց համար, ովքեր դիտավորյալ կեղծ տեղեկություններ են տարածում ներարկիչներով հարձակումների մասին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Ուրումչիում զանգվածային հանրահավաքներ են տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են պատժել վերջին մի քանի շաբաթներում ներարկիչներով քաղաքացիների վրա հարձակվող հանցագործներին: Նման հարձակումներն սկսվել են օգոստոսի 20-ից: Այդ ժամանակից ի վեր արձնագրվել է բռնի ներարկման 476 դեպք: Ըստ պաշտոնական տվյալների, նման հարձակումների զոհ են դարձել տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչներ` այդ թվում ույգուրներ, չինացիներ, ղազախներ ու մոնղոլներ: Սակայն էթնիկ չինացիները` խանցիները, վստահ են, որ այդ հարձակումների թիկունքում կանգնած են ույգուրները, որոնք չինացիներին ՁԻԱՀ-ով վարակված արյուն են ներարկում:



















