«Կոտայքի մարզի Արտավազ գյուղի՝ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչած տարածքում հանքային ջրերի գործարան կառուցելը կասկածելի նախագիծ է. ինձ թվում է, որ այստեղ ուրիշ նպատակ կա, ուղղակի Հայաստանը կամաց-կամաց ծախում են»,- Կառավարության շենքի դիմաց  ընթացող  բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Սասուն Միքայելյանի (ով եւս այդ տարածքում մոտ 1,5 հա սեփական հողատարածք ունի) լիազոր ներկայացուցիչ Հակոբ Ավագումյանը, հավելելով. «Բայց պետական պահուստային հողերը ծախում եք, ծախեք, ինչո՞ւ եք ուզում խեղճուկրակ ժողովրդի 95 հա հողերն էլ ներառել դրա մեջ»:

«Հանքային ջրերի գործարան կառուցելու շահն ավելի գերակա է համարվել, քան համայնքի 130 բնակիչների սեփականություն հանդիսացող հողերը։ Մենք կառավարության այս որոշումը բողոքարկել ենք դատարանում, այդ բողոքը մերժվել  է, եւ հայցն այժմ վերաքննիչ դատարանում  է։ Թեպետ հողերի գնորդ է նշվում «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ն, սակայն բոլորն էլ լավ գիտեն, որ այս ամենի թիկունքում այլ մարդիկ են կանգնած եւ նախագիծը ֆինանսավորվում է արաբ շեյխի կողմից։ Սակայն ամենահատկանշականն այն է, որ չսպասելով մեր բողոքի վերջնական պատասխանին ՝ գնորդ կողմն արդեն մարդկանց դեպոզիտային հաշիվների վրա գումար է նստեցրել՝ այս կերպ համարելով, որ իրենց եւ գյուղացիների միջեւ առուվաճառքն արդեն իսկ տեղի է ունեցել»,- ասաց Հակոբ Ավագումյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ գնորդները 1,5 հա հողատարածքի համար գյուղացիներին  մոտ 2 մլն 300 հազար դրամ  գումար են առաջարկում, ինչը շուկայականից քիչ է 10 անգամ։

NEWS.am-ի հարցին՝ հավաստի՞ են այն տեղեկությունները, թե համայնքի 30 բնակիչներ համաաձայնության են եկել եւ վերցրել են իրենց առաջարկված գումարները՝ հրաժարվելով պահանջից, Սասուն Միքայելյանի լիազոր ներկայացուցիչը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց դա. «Չի բացառվում, որ մարդիկ գնացած ու վերցրած լինեն իրենց դեպոզիտային գումարները. Դրանով դուրս է գալիս, որ նրանք համակերպվել են այդ մտքի հետ»։

Նշենք, որ 2010 թ. փետրվարի 25-ին Կառավարության կողմից ընդունված թիվ 241-Ն որոշմամբ  բացառիկ գերակա հանրային շահ են ճանաչվել Կոտայքի մարզի Արտավազի գյուղական այն հողատարածքները, որոնք կառավարությունը ժամանակին որպես սեփականություն տրամադրել է գյուղացիներին: Որոշման իրագործման դեպքում համայնքի շուրջ 136 բնակիչներ կզրկվեն իրենց սեփականություն հանդիսացող հողակտորից:

Նշենք, որ այդ հողատարածքի մի մասի սեփականատերը քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն է, ով մտադիր էր այդ վայրում հիդրոէլեկտրակայան կառուցել եւ ուներ Կառավարության համապատասխան թույլտվությունը:  

Բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված այդ տարածքը տրամադրվել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ին` այդ տարածքում քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման ու շշալցման գործարան կառուցելու համար: ՍՊԸ-ն պատկանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբորը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանին եւ արաբ մի շեյխի։

 

 

 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի