Չեչնիայի ՆԳՆ վարչության պետ Ռուսլան Ալխանովը հայտարարել է, որ իր գերատեսչությունը ստուգել է հանրապետությունում նույնասեռականների հետապնդումների մասին լրատվամիջոցների հրապարակումները եւ ոչ մի փաստ չի կարողացել հաստատել, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Ալխանովի խոսքով՝ ՆԳՆ-ն «ստուգում է յուրաքանչյուր փաստը, որ այս թեմայով հրապարակել են լրատվամիջոցները, իսկ աղմուկը, որն ուռճացված է չեչեն ժողովրդի առանձին կեղծ իրավապաշտպանների կողմից, սադրիչ բնույթ ունի եւ հետապնդում է հանրության աչքերում Չեչնիային վարկաբեկելու նպատակ»:

Meduza-ն հիշեցնում է, որ ապրիլի 1-ին «Նովայա գազետան»  «Պատվի սպանություն» վերնագրով հոդված էր հրապարակել, որում նշված էր, որ Չեչնիայում նույնասեռականներին որոնում են, խոշտանգում եւ սպանում (լրագրող Ելենա Միլաշինան, վկայակոչելով ՆԳՆ-ում աղբյուրներին, պնդել էր, որ սպանվել է մոտ 50 մարդ): Meduza-ն ավելի ուշ կապ էր հաստատել ձերբակալվածներից մեկի հետ, որին հաջողվել է հանրապետությունից հեռանալ, եւ նա հաստատել էր հետապնդումների մասին լուրերը:

Չեչնիայի իշխանությունները հերքում են, որ հանրապետությունում նույնասեռականներին հետապնդում են: