Թեեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նոյեմբերի 19-ին` ուրբաթ օրը, հայտնել էր, որ այսօր` նոյեմբերի 22-ին հնարավոր է հանդես գա հայտարարութամբ կապված նոյեմբերի 18-ին ոստիկանների կողմից մի խումբ դեռահասների ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու փաստի հետ, սակայն ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ոստիկանության գործողությունների եւ դեռահասների իրավունքերի խախտման վերաբերյալ ոչ մի հայտարարություն չի լինի: ՄԻՊ-ն արձագանքել է միայն ծնողների` երեխաներին ոստիկանության բաժնում տեսակցելու իրավունքի խախտմանը:
«Երեխաների ծնողները զանգել են մեր գրասենակ, արագ արձագանքման խումբն անմիջապես կապվել է ոստիկանության Կենտրոնի բաժնի հետ: Ծնողնեը բողոքել են, որ չեն թողնում իրենց մտնել երեխաների մոտ: Մեր զանգելուց հետո ծնողներին թույլ են տվել տեսնել երեխաներին ու այդ ընթացքում, երբ մենք երկրորդ անգամ ենք զանգել բաժին, ծնողներն արդեն տեսել էին երեխաներին, որից հետո էլ երեխաներին բաց են թողնել: Այդ ընթացքում մենք անընդհատ ծնողների հետ կապի մեջ ենք եղել եւ ասել, որ վերահսկողության տակ է իրավիճակը: Ոչ մի հայտարարություն չի լինի, որովհետեւ ոստիկանությունից ասում են, որ կտրող-ծակող գործիքներ են հայտնաբերել եւ մենք բողոք ենք ստացել միայն այն մասով, որ խախտվել է ծնողների տեսակցելու իրավունքը »,-ասաց մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 18-ին ոստիկանները 7 դեռահասների, այդ թվում 5 աղջիկների, բռնությամբ, մազերից քարշ տալով մտցրել են մեքենան եւ տարել ոստիկանատուն: Նրանց շարքում է եղել նաեւ այդ պահին պատահական անցնող մի երիտասարդ՝ ճղած ջինսերով լինելու պատճառով: Ոստիկաններն իրենց արարքը բացատրել են նրանով, որ իբրեւ թե անչափահասներն «էմո» սուբմշակույթի ներկայացուցիչներ էին: Հետագայում երեխաները հերքել էին այդ տեղեկատվությունը եւ նշել, որ ոստիկանների այդ գործողություններն «իսկական ֆաշիզմ է»:
Հիշեցնենք, որ երբ Սեւան քաղաքում ծնողների սպանած Արման Թորոսյանին լրատվամիջոցները ներկայացրել էին որպես եհովայի վկա, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդես էր եկել հայտարարությամբ եւ կոչ արել լրատվամիջոցներին նրան որպես Եհովայի վկա չներկայացնել: Իսկ այս դեպքում, երբ ոստիկանները բռնություն գործադրելով ոստիկանություն են տարել անչափահասների, նրանց «էմո» սուբմշակույթի անդամներ համարելով եւ առանց ծնողների պահել մի քանի ժամ, (ընդ որում ոստիկանները նշել են, թե իբր, ոչ թե բերման են ենթարկել, այլ «հրավիրել են ոստիկանություն»), չգիտես ինչու, ՄԻՊ-ը չի պատրաստվում հայտարարություն անել ու պարզաբանել, որ դեռահասների դեմ բռնություն է կիրառվել եւ որ նրանք «էմո» սուբմշակույթի անդամներ չեն եղել:





























