Ենթամշակույթների գործունեությունը պետք է լինի օրենքի սահմաններում: Յուրաքանչյուրը պաշտպանված է օրենքով, եւ որեւէ մեկը արտոնություններ պետք է չունենա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը` ավելացնելով, որ ծանոթ չէ էմոներին ոստիկանական բաժանմունք բերման ենթարկելու միջադեպի մանրամասներին:

Դավթյանի խոսքով, եթե նրանք օրենք են խախտել` պետք է անպայման ոստիկանություն բերվեին:

Այլախոհների նկատմամբ հասարակության վերաբերմունքի մասին հարցին պատգամավորը պատասխանել է. «Մեր երկրում հասարակությունը բավական տոլերանտ է վերաբերվում այլախոհներին: Պետք է նկատի ունենալ, որ երիտասարդությունը հասարակության ամենառոմանտիկ մասն է եւ փորձում է իր անհատականությունը եւ հոգեվիճակը դրսեւորել տարբեր ուղղությունների ենթամշակույթներով»:

Արտակ Դավթյանը նաեւ վստահ է, որ ոչ բոլոր հայ երիտասարդներն են ձգտում կուսակցական դառնալ եւ նրանց հետաքրքրությունները տարբեր են.

«Երիտասարդները, որոնք իրենց ապագան կապում են քաղաքականության հետ, բնականաբար, պետք է անդամակցեն կուսակցության եւ համագործակցեն դրա հետ: Երիտասարդության մի մասը մշակույթների, այդ թվում հայկական մշակույթի ջատագով է, նաեւ ենթամշակույթի: Սակայն չի կարելի միանշանակ ասել, որ երիտասարդների մեծ մասը այս կամ այն ենթամշակույթի կրող է», - ասել է Դավթյանը: Նա նաեւ նշել է, որ օրերս կայացած Ֆլորա Մարտիրոսյանի համերգի հանդիսականների մեծ մասը եղել են երիտասարդներ` հայկական ավանդական մշակույթի հետեւորդներ: