ՆԱՏՕ-ի կոմյունիկեում կան ոչ միայն բացասական սահմանումներ. Այնտեղ նշվում է, որ  հետխորհրդային տարածքի հակամարտությունները պետք է լուծվեն նաեւ  պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, բայց ոչ մի պարագայում դա չի ներկայացվում որպես կարգավորման միակ սկզբունք: Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր հանրապետական Հերմինե Նաղդալյանը, մեկնաբանելով, ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովի արդյունքները:

«Իհարկե նույնիսկ այդ տեսքով  սկզբունքի հիշատակումը մեր համար ընդունելի չի կարող լինել, եւ հենց դրա համար էլ ՀՀ նախագահը հրաժարվեց այդ միջոցառմանը մասնակցելուց:

Սակայն հռչակագրի նույն այդ պարբերության մեջ կան Ադրբեջանին ուղղված շատ կարեւոր ուղերձներ: Մասնավորապես, որ հակամարտությունները պետք է լուծվեն սահմանված ձեւաչափերում եւ միայն խաղաղ ճանապարհով, ինչպես նաեւ կոչ` զերծ մնալու գործողություններից, որոնք կասկածի տակ կդնեն տարածաշրջանային անվտագությունը»,- նշել է Նաղդալյանը:

Նրա խոսքով, սրանք հստակ ուղերձներ եւ զգուշացումներ են տարածաշրջանի տաք գլուխներին: «Նաեւ հարկավոր է ուշադրություն դարձնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության վրա, որ Հյուսիս-ատլանտյան դաշինքը որեւիցե դերակարատարություն չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում»,- նկատել է նա: