Հայաստանը վերջին այս ընտրական ցիկլից ուժեղացած դուրս չի գալիս, ինչպես նաեւ՝ նա չկարողացավ ավելացնել իր հնարավորությունները՝ հաղթահարելու այն մարտահրավերները, որոնք կանգնած են Հայաստանի առաջ: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով, նախօրեին տեղր ունեցած Երեւանի ավագանու ընտրություններով հիմնականում, բայց ոչ ամբողջությամբ ավարտվեց հերթական ընտրական ֆիգուրը Հայաստանում. «Ոչ ամբողջությամբ, որովհետեւ քաղաքական գործընթացը, որպես այդպիսին, շարունակվելու է մինչեւ մյուս տարի ապրիլ, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետը, դրանից հետո նոր կհամարենք, որ այս ամբողջ ընտրական ցիկլն ավարտված է»:

Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ այս ընտրությունները շատ լավ էին կազմակերպված իշխանության կողմից, բայց, այնուամենայնիվ, սովորական հետխորհրդային, եվրասիական, ռուսաստանանման ընտրություններ էին, որոնք բացարձակապես կապ չունեին իրական հանրային շահի հետ. «Հանրությանը սա ոչինչ չտվեց: 40%-ից քիչ ավելի մասնակցությունը ցույց է տալիս, որ հիմնականում երեւանցին մնաց տանը»: Իսկ տանը մնաց, որովհետեւ ցածր է վստահությունը ընտրողների, ընտրությունների ինստիտուտի նկատմամբ:

«Նրանք ընտրությունները չեն համարում այնպիսի կարեւորության միջոցառում, որը կստիպի նրանց այդ օրը տանից դուրս գալ եւ արժանացնել ներկայության: Սա գալիս է մեր երկրում ինստիտուտի այս հետեւողական վարկաբեկման գործըթացից, գալիս է բազմաթիվ քաղաքական ուժերի կողմից կրկեսի վերածելու պրակտիկայից, որը տարիներ է տեւել, մարդկանց հիմնական մասը բանական մարդիկ են, բազմաթիվ պատճառներով նրանք ուղակի ուզում են հեռու մնալ այդ ամեն ինչից»,-ընդգծեց քաղաքագետը: