Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստերն  մեկ ամսից ավելի է  չեն կայանում: Այսօր՝ մայիսի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, իր դժգոհությունը հայտնեց դատական նիստերի անընդհատ հետաձգման հետ կապված:

«Հետաձգում էին, ասում էին, որ վկա կուրսանտները այստեղ չեն, վարժանքների են, դա գոնե հասկանալի էր մի քիչ: Բայց վկաներից երկուսն այստեղ էին, կարող էին այս ընթացքում անել նիստ, հարցաքննել նրանց: Էդ էլ չեղավ, հետո ամեն անգամ մեռելոց, տոնական օրեր են ընկել ու նորից հետաձգել են նիստը: Հիմա էլ քաղաքապետի ընտրություններն են եղել երեկ, որն էլ խոչընդոտ է հանդիսացել այսօր դատական նիստի կայացման համար. զանգել ասում են՝ այսօր նիստը չի կայանա, որորվհետեւ ամբաստանյալներին ուղեկցող ոստիկաններ չկան: Չեմ հասկանում, ուղեկցող ոստիկանական ամբողջ կազմը երեկ հանել են քաղաք...»,-ասաց նա:

Արկադի Բարսեղյանը նշեց, որ նիստերի անընդհատ հետաձգման մեջ որեւէ միտում չի տեսնում, բայց պետք է հաշվի առնել այն, որ ինչքան անցնում է  ժամանակը, այնքան քրեական գործով որպես վկա ճանաչված կուրսանտները վատ են հիշում կատարվածը:

Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով կա 25 վկա կուրսանտ:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: