«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ կիրակի տեղի ունեցած միջադեպը պարզապես խայտառակություն է։ Այս մասին մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։
Նախկին պատգամավորը հիացած է Զարուհի Փոստանջյանի գործողություններով։ «Նա ապացուցեց, որ Հայաստանում գոյություն ունի վառ արտահայտված գենդերային շովինիզմ։ Ես շատ ուրախ եմ, որ հայ կինը քաղաքականացրեց քաղաքական պայքարը։ Եթե նույնիսկ նրա գործողություններն ապօրինի էին, չէր կարելի նրա հետ այդպես վարվել»,-ասել է Ազատ Արշակյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Զարուհի Փոստանջյանը հայտնվել է Երեւանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում եւ պահանջել ցույց տալ, թե ինչ է դրված դարակներում։ Սակայն շտաբի աշխատակիցները հրաժարվել են դա անել։ Քաղաքական գործչի խոսքով՝ դրանից մեկ օր առաջ այդտեղ ընտրակաշառք են բաժանել, իսկ դարակներում կարելի է գտնել այդ փաստն ապացուցող ցուցակները։ Վերջիվերջո, իրավապահները Զարուհի Փոստանջյանին ուժով դուրս են բերել շտաբից։





























