Ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ մայիսի 14-ին անցկացված Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված միայն ընտրակաշառքի մասին են խոսում: Մայիսի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը: Նրա խոսքով՝ վերջին ընտրությունների վերաբերյալ չի խոսվում, օրինակ, վարչական ռեսուրսի կիրառման մասին: Սակայն, ըստ նախկին պատգամավորի, շատ դժվար է ընտրակաշառքի հայտնաբերումը:

Ի պատասխան «Ելք» դաշինքից 6-րդ գումարման ԱԺ նորընտիր պատգամավոր Մանե Թանդիլյանի դիտարկմանը իշխող կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու փաստերի մասին, Ալեքսանյանը նշեց. «Չարժե 1-2 անդամի գործողություններն ամբողջ կուսակցությանը վերագրել: Եթե նույնիսկ կոնկրետ փաստեր կան, չի կարելի այս երեւույթն ընդհանրացնել: Եթե 1-2 մարդ կուսակցությանն «արջի ծառայություն» են մատուցել, չի կարելի ընդհանրացում կատարել»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ստանալով ընտրողների ձայների 71,25 տոկոսը: «Ելք» դաշինքը 21 տոկոս ձայն է ստացել, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 7,75 տոկոս: