ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Երեւանում մայիսի 14-ին տեղի ունեցած ավազային հարձակումը. կասկածյալը ձերբակալվել է:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017թ. մայիսի 14-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 00:25-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում գտնվող բնակարաններից մեկում կատարվել է ավազակային հարձակում. առերեւույթ հանցագործություն կատարած անձը, որպես զենք օգտագործվող սուր կտրող գործիքով, բռնություն գործադրելու սպառնալիքով, բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող տղամարդուց պահանջել է գումար եւ արժեքավոր իրեր։ Ապա պոկել է վերջինիս  պարանոցի ոսկյա շղթան, սեղանի վրայից վերցրել բջջային հեռախոսը, դյուրակիր համակարգիչը, կանխիկ գումար եւ դիմել փախուստի:

Նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, մշակվել քննչական պլան, եւ իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Կասկածյալը մայիսի 15-ին ձերբակալվել է։

Նրա բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնի մի մասը՝ մեկ դյուրակիր համակարգիչը եւ բջջային հեռախոսը:

Նախաքննությունը շարունակվում է: