«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպը շատ տգեղ երեւույթ էր: Մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը:

Նրա կարծիքով՝ իրավապահ մարմիններն անպայման անհրաժեշտ գնահատական կտան, եւ համապատասխան պատիժ կհետեւի: «Գնահատականը միանշանակ բացասական է»,- ընդգծեց Լեռնիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը հայտնվել էր իր մրցակից Տարոն Մարգարյանի Ավանի նախընտրական շտաբում եւ պահանջել ցույց տալ, թե ինչ է պահվում դարակներում։ Սակայն շտաբի աշխատակիցները հրաժարվել են դա անել։ Քաղաքական գործչի խոսքով՝ դրանից մեկ օր առաջ այդտեղ ընտրակաշառք են բաժանել, իսկ դարակներում կարելի է գտնել այդ փաստն ապացուցող ցուցակները։ Ի վերջո իրավապահները Զարուհի Փոստանջյանին ուժով են դուրս բերել շտաբից։