Ադրբեջանում հնարավոր է մահապատիժի վերականգնում առանձնապես ծանր հանցագործությունների համար: Այս մասին հայտարարել է պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիեւը, հայտնում է haqqin.az-ը:
Պատգամավորի խոսքով՝ չնայած Ադրբեջանը միացել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների միջազգային կոնվենցիային, հարկ է ուշադրություն դարձնել, որ երկիրը պատերազմական վիճակում է: Պատգամավորը խնդրել է այս հարցը քննարկել ճյուղային կոմիտեներում:
«Տերտերի շրջանում տեղի ունեցած իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ մենք կարող ենք մահապատիժը վերականգնել առանձնապես ծանր հանցագործությունների եւ պետության դեմ հանցագործությունների համար»,- ասել է Հասանգուլիեւը:
Նշենք, որ նկատի է առնվում Պետական անվտանգության ծառայության կողմից բացահայտված Հայաստանի կողմից հավաքագրված զինծառայողների խումբը, որոնք իբր Բաքվի հասարակական վայրերում ահաբեկչություններ էին նախապատրաստում:





























