Հայաստանի խոշորացված  համայնքներում մեկնարկել են ավելի քան 2.5 մլն դոլարի  ներդրումային ծրագրերը:

Այս առնչությամբ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին»  ծրագրի շրջանակներում եւ ՀՀ-ում Շվեյցարական համագործակցության գրասենյակի աջակցությամբ մի շարք խոշորացված համայնքներում արդեն մեկնարկել է շուրջ 2 մլն 580 հազար  ԱՄՆ  դոլարի  տեխնիկական միջոցների եւ սարքավորումների տրամադրման գործընթացը:

Մասնավորապես,  Սյունիքի մարզի Տաթեւ, Տավուշի մարզի Դիլիջան եւ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքներին տրամադրվել են կոմբայններ, ավտոգրեյդերներ,  բազմաֆունկցիոնալ էքսկավատորներ, աղբատար մեքենաներ, ինքնաթափ բեռնատարներ եւ այլ տեխնիկական միջոցներ եւ սարքավորումներ:

Առաջիկայում համայնքները կստանան նաեւ այլ տեխնիկական միջոցներ,  միկրոավտոբուսներ, բոլոր բնակավայրերում կկառուցվեն կանգառներ: Նախատեսվում է համայնքներում  կառուցել տեխնիկայի սպասարկման կայանատեղիներ:

Ընդհանուր առմամբ, տեղական ինքնակառավարման բարեփոխումների ծրագրի շրջանակներում 2018 թվականի ընթացքում 18 խոշորացված համայնքները կստանան ավելի քան 11 մլն ԱՄՆ դոլար արժողության  (ԱՄՆ-ՄԶԳ՝ 8 մլն 600 հազար դոլար եւ ՀՀ-ում Շվեյցարական համագործակցության գրասենյակ՝ 2 մլն 500 հազար ԱՄՆ դոլար) առաջին անհրաժեշտության մեքենաներն ու տեխնիկական միջոցները: 

Մնացած խոշորացված համայնքներում կազմակերպվել են մասնակցային հանդիպումներ եւ քննարկումներ, որոնց արդյունքում գույքագրվել են  վերհանված կարիքներն ու խնդիրները:

ՏԿԶ նախարարությունում  գործող փորձագիտական  խմբի կողմից արդեն  հաստատվել են Ուրցաձոր, Վայք, Զառիթափ, Գորհայք, Ջերմուկ, Մեղրի խոշորացված համայնքների՝ ընդհանուր առմամբ 2 մլն, 670 հազար  ԱՄՆ դոլարի  ծրագրերը:  Գորիս, Տեղ, Նոյեմբերյան, Կողբ, Այրում, Ամասիա, Աշոցք, Սարապատ եւ Արփի միավորված համայնքների՝ 5 մլն, 950 հազար  ԱՄՆ դոլար արժողության ծրագրային առաջարկները գտնվում են նախնական գնահատման փուլում:  

Ներդրումային ծրագրերն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից, իսկ ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը համարվում է վերը նշված ծրագրերի իրականացման համակարգողը: