Խորհրդարանում ՀՀԿ խմբակցությունը առաջարկում է կրճատել Ազգային Ժողովում  մշտական հանձնաժողովների թիվը, որպեսզի «Ելք» կուսակցությունների դաշինք խմբակցությունը որեւէ լծակ չունենա Ազգային Ժողովում: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ելք» կուսակցությունների դաշինք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«ՀՀԿ մեծամասնությունը առաջարկելու է, որպեսզի Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների թիվը կրճատվի: Կրճատման իմաստն այն է, որ 10-րդ հանձնաժողով չլինի, որովհետեւ այդ հանձնաժողովը հասնում է «Ելք» կուսակցությունների դաշինք խմբակցությանը: Այսինքն՝ կրճատում են, որպեսզի  «Ելքը» խորհրդարանում որեւէ լծակ չունենա: Ամենացավալին այն է, որ կրճատում են Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշատական հանձնաժողովը, որը միացնելու են պետաիրավական հանձնաժողովին»,-ասաց նա:

Նշենք, որ նախորդ ԱԺ-ում մշտական հանձնաժողովների թիվը 12 էր: Արդեն խոսակցություններ կան, որ նոր խորհրդարանում այդ թիվը կկրճարտվի 9-ի, որից 6-ի նախագահը կլինի ՀՀԿ-ից, իսկ 3-ը՝ ԲՀԿ-ից: