Բրազիլիայի Սալվադոր քաղաքի կառավարությունը հայտնել է, որ մարտից սկսած գրանցվել է մարդու վրա չղջիկների հարձակման 31 դեպք, ընդ որում այդ հարձակումներից 17-ը արյունախում չղջիկների կողմից, հայտնում է «Սինհուան»։
Առողջապահության քաղաքային վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ նախկինում արյունախում չղջիկների հարձակումները քաղաքացիների վրա հազվադեպ էին, սովորաբար դրանք տեղի էին ունենում քաղաքի հին մասում, որտեղ բազմաթիվ հին կառույցներ կան, որոնք չղջիկների սիրելի վայրերն են։
Վերջին տարիներին անտառահատության պատճառով շատ չղջիկներ են արտագաղթել Սալվադոր, իսկ քաղաքի հին մասում դրանց թվաքանակը շարունակում է սրընթաց աճել։ Չղջիկները գիշերային կենսակերպ են վարում, հիմնականում նրանց հարձակման զոհերն են դառնում տարեց մարդիկ ու երեխաները։ Չնայած չղջիկների խայթոցները ցավոտ չեն, բայց դրանց թքի մեջ պարունակվող հակակոագուլյանտներն ու ցավազրկող ֆերմենտները ունակ են դանդաղեցնել խայթոցից վերքերի ապաքինումը
Վերահսկողության նպատակով քաղաքի հին մասում արդեն ստեղծվել է հատուկ աշխատախումբ։





























