Փաստաբանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի դեպքով հարուցված քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները հայտնի են:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ ստացվել է հարուցված երկու քրեական գործ՝ փաստաբան Տ.Աթանեսյանի աշխատասենյակում Տ.Աթանեսյանին, Ա.Սողոմոնյանին, ինչպես նաև Ս.Բաբայանին, Վ.Խաչիկյանին և Ա.Հարությունյանին ծեծելու դեպքերի առթիվ։

Նշված անձինք ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել։ Նկատի ունենալով, որ քրեական գործերով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Տ.Աթանեսյանի, Ա.Սողոմոնյանի, Ս.Բաբայանի, Վ.Խաչիկյանի և Ա.Հարությունյանի նկատմամբ բռնությունները գործադրվել են նույն միջադեպի ժամանակ՝ քննիչը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված 2 քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին։

Տուժողներին պատճառված վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացություններն ստացվել են:

Ըստ փորձագետների՝ տուժողներից երկուսին պատճառված վնասվածքներն առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում, մեկի առողջությանը պատճառվել է թեթև, մյուսին՝ միջին ծանրության վնաս։

Այսպես՝ Ա.Սողոմոնյանին մարմնական վնասվածքներ են պատճառվել՝ ճակատի միջին մասի, աջ դաստակի երրորդ մատի շրջանի սալջարդ վերքերի, ձախ աչքի վերին կոպի արյունազեղման և ձախ աչքի ստորին կոպի արյունահավաքի ձևով, որոնց հետևանքով, ըստ փորձագետի եզրակացության, առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով։ Վ.Խաչիկյանը մարմնական վնասվածքներ է ստացել փոշտի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, իսկ Ս.Բաբայանը՝ ձախ այտոսկրի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով, որոնք առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:

Ա.Հարությունյանը, ըստ փորձագիտական եզրակացության, մարմնական վնասվածքներ է ստացել` ձախ աչքի ստորին կոպի շրջանի արյունազեղման, աջից ստորին ծնոտի գլխիկի ներհոդային աննշան տեղաշարժով կոտրվածքի ձևով, որով նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 27-ին Տիգրան Աթանեսյանի գրասենյակում Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՓՊ նախագահի խորհրդականներ Վրեժ Խաչիկյանը, Գեւորգ Մկրտչյանը եւ փաստաբան Արսեն Հարությունյանը հարձակում էին գործել Տիգրան Աթանեսյանի եւ Արմեն Սողոմոնյանի դեմ։ Հարձակման հետեւանքով Աթանեսյանն ու Սողոմոնյանը մարմնական վնասվածքներ էին ստացել։