Մենք մտնում ենք մագնիսական մի շրջանի մեջ, որտեղ Թուրքիան ոչնչանալու է։ Այս մասին հայտարարել է թուրք լրագրող-վերլուծաբան Բանու Ավարը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Թուրքիայում  հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղադրմանը։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  թուրք վերլուծաբանը նշել է, թե ԱՄՆ-ը տիրում է էներգետիկ աղբյուրների մեծ հատվածին, որոնք գտնվում են Թուրքիայի եւ Չինաստանի միջեւ, որի համար նա ներխուժեց Աֆղանստան եւ Իրաք։ «ԱՄՆ-ը հիմա էլ մտնում է Թուրքիա։ Ինչպե՞ս։ Հակահրթիռային պաշտպանության համակարգի միջոցով»,- նշել է վերլուծաբանը։

Ըստ Բանու Ավարի՝ Թուրքիան մտնում է մագնիսական շրջանի մեջ եւ դրա հետ միասին ոչնչացվելու է։ « Ամերիկյան Patriot հրթիռները հարվածի հեռավորությունը 15-45 կմ է։  Իրանից եկող հարձակումը նման հրթիռներով ինչպե՞ս են կանխելու։ Նշանակում  է՝ այդ տեղադրվելիք հրթիռային կայանքները օգտագործվելու են հենց Թուրքիայի զինված ուժերի դեմ»,- ասել է Բանու Ավարը՝ խորհուրդ տալով քաղաքացիներին զգոն լինել, քանի որ 2011-ին մի շարք իրադարձություններ են տեղի ունենալու, որոնց միջոցով փորձ կարվի պառակտել եւ բաժանել Թուրքիան։

Թուրք վերլուծաբանը շեշտել է, թե ԱՄՆ աշխարհում առաջին անգամ սկսել է կիրառել նահանգային ներկայացուցիչների նշանակման պրակտիկա՝ Բուրսայում, Էրզրումում, Ստամբուլում եւ Կայսերիում նշանակելով համապատասխան պաշտոնյաների, ովքեր  հանդիպում են տեղի իշխանությունների հետ եւ հոգեբանական գործառույթներ իրականացնում։