Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի փոխվարչապետ, կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի եւ նախարարի տեղակալների հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության եւ գիտության ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման ուղիները: Նախարարներն ընդգծել են, որ երկու երկրների գիտակրթական համակարգերում առկա են միեւնույն մարտահրավերները, որոնց պետք է լուծումներ գտնել համատեղ ջանքերով եւ տարածաշրջանային ծրագրերով:
Այնուհետեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության միջեւ ստորագրվել է հուշագիր` ի դեմս ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի եւ Վրաստանի փոխվարչապետ, ԿԳ նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի:
ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել իր վրացի գործընկերոջը՝ Հայաստանում հյուրընկալվելու համար: «Փորձելու ենք անցնել գործնական ծրագրերի՝ մեր երկու երկրների կրթական հիմնախնդիրները քննարկելու եւ համապատասխան լուծումներ գտնելու համար: Մեր երկու երկրներն էլ նույն կրթական բարեփոխումների փուլում են՝ միաժամանակյա եւ միաձեւ հիմնախնդիրներով, եւ իսկապես համագործակցության մեծ հնարավորություն կա ոչ միայն երկկողմ, այլ նաեւ Հայաստան-Վրաստան դեպի Եվրոպա ուղղությամբ: Թե բարձրագույն կրթության, եւ թե գիտության մեջ մենք ունենք լուրջ համատեղ ծրագրեր, որոնք կարող ենք ներկայացնել մեր եվրոպացի գործընկերներին, քանի որ նաեւ նույն ակումբների անդամ ենք թե Հորիզոն-2020-ի, եւ թե Բոլոնիայի գործընթացի մասով, եւ այս ուղղությամբ կա լուրջ հնարավորություն: Այսինքն՝ պետք է փորձենք մեր երկրները դիտարկել իբրեւ մեկ միասնական կրթական տարածք՝ նույն խնդիրներով եւ նույն արժեհամակարգով»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ստորագրված փաստաթուղթը շատ կարեւոր է այն իմաստով, որ այն ոչ միայն մտադրությունների հուշագիր է, այլ նաեւ ունի հստակ առաջադրանք աշխատանքային խմբեր ձեւավորելու վերաբերյալ, որի արդյունքում ընդամենը մի քանի ամսից անցում կարվի գործնական աշխատանքի:
Վրաստանի ԿԳ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Լեւոն Մկրտչյանին հյուրընկալության համար՝ կարեւորելով երկկողմ հարաբերությունների զարգացումը: «Իմ աշխատանքային առաջին այցերից մեկը հենց եղել է Ախալքալաքում հայ մանկավարժների հետ հանդիպումը: Սա եւս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ մեր երկու երկրների համագործակցությունը լավագույն մակարդակում է վերջին տասնամյակում, իսկ այս պահին, կարծում եմ, այն ամենաբարձրն է: Մենք ունենք ընդհանուր խնդիրներ, նպատակներ եւ մոտեցումներ, որի արդյունքում մի շարք հստակ քայլեր են ձեռնարկվելու տարբեր ուղղություններով մոտակա մի քանի ամսում: Առաջին ուղղությունը լինելու է հայկական դպրոցների որակի բարելավումը եւ հայոց լեզվի դասավանդման ծրագիրը: Հետեւաբար մեր առաջին երկկողմանի համագործակցությունը հենց այս ուղղությամբ է լինելու: Այստեղ շատ կարեւոր է երիտասարդ ուսուցիչների վերապատրաստումը, որպեսզի վերջիններս պատրաստ լինեն նորովի մտնել դպրոցներ եւ կատարել մեծ փոփոխություններ: Մենք նախատեսում ենք որոշակի համատեղ գործընթացներ նաեւ բարձրագույն կրթության ոլորտում եւ հավատում ենք, որ կկարողանանք այդ ամենն իրականացնել միջազգային մակարդակով»,-նշել է վրացի նախարարը՝ ընդգծելով, որ ձեւավորվող աշխատանքային խմբերի գործունեության առաջին արդյունքը մինչեւ տարեվերջ տեսանելի կլինի:
Նշենք, որ համաձայն հուշագրի` կողմերը պարտավորվում են զարգացնել անմիջական համագործակցություն երկու երկրների բարձրագույն կրթական, գիտական եւ հետազոտական հստատությունների միջեւ, խթանել կրթական համակարգերի կառուցվածքի, բովանադակության եւ կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումը՝ համագործակցությունը բարելավելու նպատակով:
Ըստ համաձայնագրի` կողմերը հանրակրթության, միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթության, գիտության եւ հետազոտության ոլորտներում կստեղծեն աշխատանքային խմբեր: Նախատեսվում է փոխադարձ հիմունքներով տրամադրել բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական աստիճանի առավելագույնը 10 կրթաթոշակ:
Վրացական կողմը պարտավորվում է Հայաստանի քաղաքացիներին ազատել Վրաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վճարից, եթե այն չի գերազանցում 2250 վրացական դրամական միավոր: Հայկական կողմը պարտավորվում է Վրաստանի քաղաքացիներին ազատել Հայաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վճարից, եթե վերջինս չի գերազանցում 1.000.000 դրամը:
Երկու կողմերից առաջադրված ուսանողները պարտավորվում են հավաստել դասավանդման լեզուների որոշակի մասնագիտացման մակարդակ (անգլերեն եւ ռուսերեն), հակառակ դեպքում` ուսանողները պարտավորվում են հանձնել որոշ ներքին քննություններ՝ կազմակերպված տվյալ բարձրագույն կրթական հաստատության կողմից:
Վրաստանի ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարան, ծանոթացել հին ձեռագրերին, եղել Մ. Սեբաստացի կրթահամալիրում եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:





























