Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա հանձնաժողովի անդամներին հաշվետվություն է ներկայացրել կատարված աշխատանքների, ինչպես նաև` Եվրոպական հանձնաժողովի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների վերաբերյալ: Տիկին Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովի աջակցությամբ փորձագիտական վերապատրաստում են անցնելու հանձնաժողովի փորձագետները, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել ՀՀ օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերի հետ մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ինչը կօգնի հանձնաժողովին իր աշխատանքները եւ օրենքով վերապահված գործառույթները առավել օպտիմալ իրականացնելու համար: Ն. Զոհրաբյանը հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է նաեւ ԼՂՀ կատարած իր աշխատանքային այցի եւ ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված որոշ պայմանավորվածությունների վերաբերյալ:
Հանձնաժողովին տեղեկացվել է նաեւ, խորհրդարանի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվում է անցկացնել «Եվրոպական շաբաթ» վերնագրված միջոցառում, որն իրականացվելու է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հովանու ներքո:



















